Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներն անցել են Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու փուլ: Հոկտեմբերի 15-ին այն նաեւ կներկայացվի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը' հավելելով, որ վերջին տարբերակում լուրջ փոփոխություններ են իրականացվել և որպես պետական կառավարման ձև ընտրվել է խորհրդարանականը:

 

«Այս մեկ տարվա ընթացքում կարողացանք մշակել հայեցակարգի նախագիծ և դնել հանրային քննարկման: Ամփոփել ենք նաև դիտողությունները, որոնք արվել են հանրային քննարկումների ընթացքում, և դրանք պատրաստ ենք սեպտեմբերի 19, 20, 21-ին Փարիզում ներկայացնել Վենետիկի հանձնաժողովում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներին: Այնուհետև հոկտեմբերի 15-ին հայեցակարգը կներկայացվի ՀՀ նախագահին»,-ասաց Գևորգ Դանիելյանը:

 

Նրա գնահատմամբ' քննարկումներն ընդհանուր առմամբ արդյունավետ են անցել, թեև որոշ վերապահումներով: Մասնավորապես, բավարար չափով չեն արդարացվել ակնկալիքները քաղաքական քննարկումների մասով: Դանիելյանը հույս հայտնեց, որ գալիք փուլում դրանք շատ ավելի արդյունավետ կլինեն' հայտնելով, որ սեպտեմբերի 16-ին «Ժառանգություն» կուսակցությունն արդեն քննարկումներ իրականացնելու նախաձեռնություն է ցուցաբերել :

 

Դանիելյանը նաև չհիմնավորված համարեց պնդումները, թե սահմանադրական բարեփոխումները միտված են գործող իշխանության վերարտադրմանը:

 

«Եթե կա մի քաղաքական ուժ, որը վստահ է, որ կանոնները փոխվելու դեպքում հաջողության կհասնի, ապա սա հենց այն նախագիծն է, որն իրենց անհրաժեշտ է: Հակառակը, այս հայեցակարգով դյուրին ընթացակարգ չի նախատեսվում իշխանության համար՝ վերարտադրվելու առումով»,-նշեց Գևորգ Դանիելյանը:

 

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրված էր հանրային քննարկման,որը մեկնարկել էր մայիսի 20-ին: Հայաստանի քաղաքական կուսակցությունների հետ քննարկումները անցկացվել են հունիսի 5-ին և 6-ին:

 

Հանրային լսումներ եղել են բոլոր մարզերում, փորձագիտական տարբեր շրջանակների հետ: Քննարկումները կազմակերպվել են ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) աջակցությամբ: