ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը սեպտեմբերի 10-ին անցկացրել է իր առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել են ՔԿ վարչության պետի տեղակալները, բաժնի պետերը, ՔԿ վարչության և հիմնարկների ղեկավար անձնակազմը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, վար չության պետը նշել է, որ չնայած կարճ ժամանակահատվածին, հասցրել է ծանոթանալ ծառայության գերակա խնդիրներին, այցելել մի շարք քրեակատարողական հիմնարկներ: Այցերը շարունակական են լինելու:

 

Անդրադառնալով համակարգում կոռուպցիոն ռիսկերին' Արթուր Օսիկյանը կարգադրել է ծառայությանն էլ ավելի սրտացավ լինել, իրենց առջև դրված պարտականությունները պատշաճ կատարել: Հանձնարարվել է կազմակերպել քրեակատարողական հիմնարկների պատշաճ պահպանությունը՝ հնարավոր փախուստի փորձերը բացառելու նպատակով:

 

Վարչության պետը կարգադրել է նաև հատուկ ուշադրություն դարձնել դատապարտյալների հետ տարվող սոցիալ-հոգեբանական և իրավական բնույթի աշխատանքներին, նրանց կենցաղ-տնտեսական պայմաններին և բժշկական օգնությանը: Խորհրդակցության ընթացքում Արթուր Օսիկյանը պահանջել է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը և հանձնարարել բացառել դատապարտյալների նկատմամբ երկակի մոտեցումները:

 

Առանձնակի կարևորելով քրեակատարողական ծառայողների կարգապահությունը՝ վարչության պետն անդրադարձել է ծառայողների ուսումնական պարապմունքների պարբերաբար և ոչ ձևական անցկացնելուն:

 

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արթուր Օսիկյանը կոնկրետ պահանջներ և հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կատարման վերաբերյալ: