Ընդդիմություն լինել չի նշանակում զրպարտել, հերյուրանքներ տարածել և բերել փաստեր, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն:
Այս մասին Ազգային ժողովում, արտահերթ ելույթում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով պետական գույքի մասնավորեցման մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում խստորեն քննադատեց իշխանություններին՝ նրանց մեղադրելով տարբեր ապօրինի գործարքներ իրականացնելու մեջ:
«Եթե ընդդիմադիր գործիչ ես, ապա բնական է, որ պետք է գործես ընդդիմադիր դաշտում: Սակայն ընդդիմադիր լինել չի նշանակում զրպարտել և բերել փաստեր, որոնք իրականության հետ կապ չունեն: Ընդդիմադիր շատ պատգամավորներ ունենք: Սակայն պետք է ասեմ, որ այդ պատգամավորներից որևէ մեկը չի կարողանում իր ելույթներն այնպես կառուցել, ինչպես դա անում է Արծվիկ Մինասյանը, որովհետև նա իր ընդդիմադիր տեսակետներն արտահայտում է համոզմունքով, նա դա անում է ոչ թե զրպարտելու համար, այլ համոզված է, որ դա է մի ակ ճիշտ ճանապարհը:
Բոլոր պատգամավորներն այսպես պետք է աշխատեն: Եթե կաշխատենք հաշտ ու խաղաղ, ուրեմն կաշխատենք: Եվ ցանկանում եմ ասել նաև, որ հաշտ ու խաղաղ' չի նշանակում բոլոր հարցերում համաձայն լինել միմյանց հետ, այլ լինել ավելի կառուցողական և գնալ ավելի խորը քայլերի: Մի վերցրեք ձեր ուսերին այդ բեռը, որովհետև դրանք այնքան կոփված չեն այդքան բեռ տանելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սահակյանը:
ԱԺ նախագահը հավելեց, որ չի կարելի կանգնել հասարակության առջև և սուտն ու կեղծիքը տարածել՝ չմտածելով, որ խորհրդարանում ներկա են ժամանակների մարդիկ: «Եթե քաղաքական ուժի անունը փոխվում է, բովանդակությունը դրանից երբեք չի փոխվում: Մի քանի հազար վաուչերով հզոր տնտեսական համակարգերը վաճառվեցին:
Ընդ որում, այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ աշխատողներին վաուչերները տալիս էին մի ձեռքով, մյուս ձեռքով կես գնով գնում էին ու սեփականաշնորհում: Ես այստեղ որևէ մեկին չեմ մեղադրում. ժամանակներ էին, երբ միգուցե պետք է այդպես լիներ: Այսօր էլ ժամանակներ են, և ամեն ինչ օրենքի դաշտում է: Բոլոր այն հարցերը, որոնք դուք բարձրաձնում եք, կան կառավարության համապատասխան որոշումներում և համապատասխան կայքերում:
Անընդունելի է, օգտվելով առիթից, որ մարդկանց մեծ մասն այդ կայքերից ինֆորմացիա ստանալուվ հմտություններին չի տիրապետում, կանգնել հասարակության առաջ և ապակողմնորոշել ոչ թե խորհրդարանը, այլ մի ամբողջ հասարակության»,- շեշտեց Սահակյանը:
ԱԺ նախագահը նաև նշեց, որ Ազգային ժողովը խամաճիկների տեղ չէ, որ ով ինչ ցանկանա, դրա մասին խոսի: «Այստեղ ամեն ինչ պետք է շատ լուրջ լինի: Սա խամաճիկների տեղ չէ: Ես ցանկանում եմ, որ մենք միասին նորմալ աշխատենք: Եթե ընդդիմադիր եք, գործեք այդ դաշտում, բայց եղեք կառուցողական և գնացեք խորը քայլերի, այլ ոչ թե ապակողմնորոշեք հասարակությանը»,- ասաց ԱԺ նախագահը:
Մինչ այդ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին կոռեկտության կոչ էր արել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, որ, նրա ելույթն ավելի շատ նման էր ոչ թե ԱԺ պատգամավորի, այլ գլխավոր դատախազի ելույթի: