Արտերկրի մեր հայրենակիցները սեպտեմբերի 16-ին դարձյալ ուղիղ կապի մեջ են մտտել ոստիկանության հետ: Համացանցի «Skype» ծառայության միջոցով նրանց հարցերին պատասխանել է անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Մնացական Բիչախչյանին ուղղված հարցերը բազմաբնույթ են եղել:
Հունաստանում բնակվող մեր հայրենակցուհուն , օրինակ, պարզաբանվել է օտարերկրյա պետությունում անձնագիր ստանալու կարգը: Տեղում կապ է հաստատվել ՀՀ արտաքին գործերի նախարարության վերահսկողության բաժնի պետի հետ, ով պատրաստակամություն է հայտնեց աջակցել կնոջը՝ նրան եւ նրա անչափահաս երեխաներին անձնագիր տրամադրելու հարցում:
Սիրիայից բռնագաղթած եւ այժմ Հունաստանում գտնվող մեր մի հայրենակից էլ կորցրել էր Հայաստանի Հանրապետության կողմից տրված կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթը: Նրան տեղեկացվել է, որ կորցրած փաստաթղթի փոխարեն նորը կարող է ստանալ Հայաստան վերադառնալու դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունից հրաժարվելու, լիազորված անձանց կողմից անձնագիր ստանալու և մի շարք այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ են տրվել Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում եւ Բեյրութում բնակվող մեր հայրենակիցներին:
Արտերկրի մեր հայրենակիցների հետ «Skype»-ի միջոցով ուղիղ կապը գործելու է ամեն երեքշաբթի' Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը: Ոստիկանության «Skype»-ի հասցեն է Armenian Police: