Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում սեպտեմբերի 18-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1990թ. ծնված Մհեր Հովհաննեսի Հակոբյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: