Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ կրկնել ԼՂ խնդրի կարգավորման հարցում թուրքական թեզի մասին իր հին երգերը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, Դավութօղլուն ասել է. «Որպես Թուրքիայի վարչապետ մեկ անգամ եւս հայտարարում եմ, որ մինչեւ Ադրբեջանի հողերի վերջին մեկ սանտիմետրը չազատվի, Թուրքիան գտնվելու է Ադրբեջանի պայքարի կողքին»: Նա ցավակցություն հայտնել օգոստոսի սկզբին ադրբեջանա-ղարաբաղյան սահմանային բախումներում մեծ թվով ադրբեջանցի զինվորների զոհվելու առնչությամբ:

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի համատեղ ասուլիսում Դավութօղլուն վստահեցրել է իր վարչապետության շրջանում Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը, «Թուրքիային ծառայել' նշանակում է ծառայել Ադրբեջանին», «Ադրբեջանը սեր է, հայրենիք է», «Բաքուն Անկարա է» եւ 20 տարի շարունակ այլ չարչրկված լոզունգների շարունակական լինելը:

 

Հետաքրքիր է, որ «սեր եւ հավատարմություն» խոստովանելով Ադրբեջանին' Դավութօղլուն Բաքվում չի խոսել հայ-թուրքական հարաբերությունները եւս ղարաբաղի գործոնով պայմանավորելու մասին, ինչպես դա արել է մինչ այժմ:

 

Դավութօղլուի Բաքու այցին ուղեկցել են փոխվարչապետ Յալչըն Աքդողանը, կրթության նախարար Նաբի Ավջըն եւ էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: