Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը 2014թ. շատ ցածր են. այս տարի Ռուսաստանի ՀՆԱ-ի աճը չի գերազանցելու 0.5 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Մենք ունենք սեփական կանխատեսումները, և պետք է ասեմ, որ դրանք լավատեսական չեն: Մեր տնտեսության աճը շատ վատ է ընթանում: Սակայն համաշխարհային տնտեսության աճի տեմպերը նույնպես շատ բարձր չեն: Այս տարի շատ բարդ է լինելու: Աճը կկազմի 0.5 տոկոս»,- հայտարարել է Մեդվեդևը:
ՌԴ վարչապետը հայտարարել է, որ հաջորդ տարվա համար կանխատեսվում է 1 տոկոս աճ: Նա ընդգծել է, որ սա համարյա համարժեք է եվրոպական տնտեսության աճի տեմպերին: «Մենք ավելի լավը չենք, սակայն վատագույնն էլ չենք»,- ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Մեդվեդևը նշել է, որ եվրոպական տնտեսության աճի թույլ տեմպերն ազդում են նաև Ռուսաստանի տնտեսական աճի վրա: «Եվրոպական տնտեսությունը զարգանում է այնպես, ինչպես մերը: Ամերիկյան տնտեսությունը մի փոքր ավելի արագ է աճում: Չինաստանի տնտեսության աճն արդեն լուրջ է՝ 7-7.5 տոկոս»,- ընդգծել է նա:
Մեդվեդևը 2016-2017թթ. ՌԴ-ի համար կանխատեսել է ՀՆԱ-ի 2-3 տոկոս աճ: Նա կցանկանար, որպեսզի աճի տեմպերն ավելի բարձր լինեին՝ հավելելով, որ շատ լավ հասկանում է, որ դա բարդ է: