Զոհված զինծառայող Սարգիս Մովսիսյանի անունով այսուհետ կկոչվի զինծառայողի հայրենի՝ Մայիսյան գյուղի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկը:

 

Նա օգոստոսին վիրավորվել էր հակառակորդի դիվերսիան հետ մղելու ժամանակ, ինչից մեկ օր անց հոսպիտալում մահացել: Դպրոցի տնօրեն Իշխան Պետրոսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ գյուղը դեռ ազատամարտի տարիներին է ակտիվ մասնակցել սահմանների պաշտպանությանը.

 

«Պիտի ասեմ, որ մեր գյուղի տղաներն «Արաբո» ջոկատի կազմում 1992թ.-ի հունիսի 30-ին Լենինաբադ գյուղի շրջանում անհայտ կորել են: Երեք երիտասարդ էին: 1993-94թթ.-ին մեր գյուղից ևս երկու տղա զոհվեց, իսկ 1994թ.-ին` ևս մեկը: Դեռ այն ժամանակ որոշվեց, որ դպրոցում այս վեց տղաների անվան դասարաններ պիտի ունենանք: Տարիներ անց՝ 2008թ.-ին, դպրոցի աշակերտների և գյուղապետարանի նախաձեռնությամբ՝ գյուղի Մշակույթի տան բակում բացվեց ազատամարտի տարիներին զոհված ու անհայտ կորած մայիսյանցիների հիշատակը հավերժացնող հուշարձան»,- ասաց դպրոցի տնօրենը՝ հավելելով, որ նույն տարում էր, որ դպրոցի աշակերտները որոշեցին այդ հուշարձանի շրջակայքում այգի ստեղծել:


«Ծառեր տնկեցին, մշակեցին ու հիմա այնտեղ այնպիսի մի այգի է, որ անգամ հուշարձանը չի երևում»,- ասաց Պետրոսյանը:


Վերջինիս խոսքով՝ Սարգիս Մովսիսյանն այս պատմության կրողն էր:



«Սարգիս Մովսիսյանը դպրոց ընդունվեց 2000թ.-ին: 2010թ.-ից սկսեց սովորել Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, որից հետո՝ 2012թ.-ին, զորակոչվեց բանակ: Հիշում եմ՝ ավարտել էր արդեն, մի տարի անց եկավ մեզ մոտ: Դե սովորելու ընթացքում աշակերտի նման էի իրեն նայում ու այդքան ուշադիր չէի, իսկ արդեն մեկ տարի անց, ես տեսա, որ ֆիզիկապես մի առնական տղամարդ էր դարձել: Ասեցի՝ «Սարգիս ջան, ինչպե՞ս ես»: Ասեց՝ «Ընկեր Պետրոսյան, ամեն բան լավ է: Ապագա զինվորն այնպես պետք է լինի, ինչպես որ ես եմ պատրաստվել»,- ասաց դպրոցի տնօրեն:

 

Նա նաև նշեց, որ Սարգիս Մովսիսյանը երկու առանձնահատուկ հատկանիշ ուներ.

 

«Դրանով իրեն բոլորը միշտ կհիշեն: Անկախ իրավիճակներից՝ ինքը միշտ ժպտում էր, ու երկու թշիկներն այդ ընթացքում կարմրում էին: Ես իրեն պատմություն եմ դասավանդել: Հիշում եմ՝ ինչքան էլ առիթ է եղել, որ պետք է իր վրա զայրանամ' միշտ չէր ստացվում: Կանգնեցրել եմ ու այդ պահին, երբ այդ թշիկները կարմրել են, էլ զայրանալ չեմ կարողացել»:

 

 

Տնօրենի խոսքով՝ Սարգիս Մովսիսյանի անվան դասարանը դպրոցին ու դպրոցի աշակերտներին կտա պատմություն:

 

«Այսպես ասած, էստաֆետան կփոխանցի հաջորդ դասարաններին: Դա կտա շարունակություն: Վերջերս որոշվեց, որ հանրապետության դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ աշխատանքներ պիտի տարվեն: Ուզում եմ ասել, որ մեզ մոտ այդ աշխատանքները վաղուց են տարվում: Ու, գիտեք, այ հենց հիմա էլ մեր հուշարձանի մոտ եղած այգում Սարգիսի ձեռքով տնկած ծառերը կան, որ բերքի տակ կռացած են, բայց ոչ մեկս չենք քաղում: Չենք քաղում, որովհետև դա Սաքոյի բաժինն է»,- նշեց դպրոցի տնօրենը:

 

 

Հիշեցնենք, որ կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը վիրավորվել է այս տարվա օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը' Մարտակերտի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձը հետ մղելիս: Մեկ օր անց' օգոստոսի 3-ին, կրտսեր սերժանտը մահացել է Երևանի Կենտրոնական կլինիկական հոսպիտալում: ԼՂՀ սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ՀՀ և ԼՂՀ նախագահների կողմից Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» ՀՀ և ԼՂՀ մեդալներով: