Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ուղերձում մասնավորապես ասված է.

 

«Հայաստանի Հանրապետության փաստաբանական համայնքի անունից շնորհավորում եմ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձը: Անկախության գաղափարը ոչ միայն բարոյահոգեբանական կայացման ճանապարհ է, այլ առաջին հերթին իրավական պետության զարգացման կայուն ուղի:

 

Այն սեփական ժողովրդի ճակատագրի առջև ստանձնած պատասխանատվություն է և պատմական արդարության վերականգնում՝ ելնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից: Հենց անկախության միջոցով է, որ հնարավոր է կենսագործել ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը :

 

Անկախության իրավական ճանապարհը բռնած ժողովուրդը իրավունք չունի շեղվելու այն պաշտպանելու ուղղուց, որի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս: Մեկ անգամ ևս շնորհավորելով անկախության տոնի առթիվ՝ հայկական պետականությանը մաղթում եմ խաղաղ երկինք, անկախ ու միասնական հայրենիք»: