Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է շենքի առջև բողոքի ակցիա անցկացրած տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, ովքեր իրենց բողոքն են արտահայտել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ:
Դրանով առաջարկվում է Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսի փոխարեն սահմանել 1 տոկոս' միաժամանակ, տնտեսվարողները պարտավորվելու են գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:
Հովիկ Աբրահամյանը լսել է տնտեսվարողների դիտարկումներն ու փաստարկները: Վարչապետը կոչ է արել ՓՄՁ ներկայացուցիչներին իրենց առաջարկությունները գրավոր կերպով ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին քննարկել դրանք և ներկայացնել կառավարություն:
«Մենք ձեզ չենք դիտարկում որպես հարկատու, հակառակը մենք 10 մլրդ դրամից ավելի գումար ենք կորցրել, քանի որ դուք այսուհետ 3,5 տոկոսի դիմաց վճարելու եք 1 տոկոս շրջանառության հարկ: Մենք հրաժարվել ենք այդ գումարից, որպեսզի փոքր ու միջին բիզնեսը զարգանա: Դա է եղել մեր նպատակը, դուք մեզ համար որպես հարկատու չեք դիտարկվում:
Մենք ստուգելու ենք խոշորներին: Շրջանառության հարկը նվազեցրել ենք. լա՞վ է, թե՞ վատ: Ձեզ խնդրում ենք՝ առանց փաստաթղթի մի աշխատեք: Մենք ձեզ խնդրում ենք, որ խոշորների համար չդառնաք հարթակ, գործիք, որ խոշորները մեզ խաբեն: Հարկային ծառայողները ստուգումներ կիրականացնեն միայն այն դեպքում, երբ կլինեն ռիսկեր: Ստուգումները մենք սկսելու ենք խոշորներից: Մենք ձեզ օգնելու ենք, որպեսզի դուք զարգանաք, կայանաք, ձեռ բեռը թեթևացրել ենք, որ դուք կայանաք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: