ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի տարածքային և մարզային կառույցների ղեկավարների հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, դա առաջին հանդիպումն էր կառավարության ղեկավարի հետ' կազմակերպության փոփոխված կազմով: ՀՀ վարչապետը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀԿ ԵԿ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են բազմաբնույթ հարցեր:

 

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը և նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խոսել է մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին:

 

Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է մի շարք կարևոր խնդիրների: Նա խոսել է կազմակերպչական հարցերի, բարեփոխումների փաթեթների' հատկապես հարկային և մաքսային բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, տարածքային համաչափ զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում և հատկապես մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման կարևորությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանապահ գյուղերին կտրվեն արտոնյալ պայմաններ:

 

Վարչապետը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին և լսել նրանց առաջարկները: Հարցերը վերաբերել են կազմակերպչական խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին, կառավարության ծրագրին: Կառավարության ղեկավարը հորդորել է երիտասարդներին օգտագործել իրենց ակտիվությունը' ի նպաստ ոլորտային ծրագրերի:

 

Հանդիպման ավարտին երիտասարդներից մի քանիսը ստացել են կուսակցության անդամության տոմսերը կուսակցության նախագահի տեղակալից:

Վարչապետ, Հովիկ Աբրահամյան, ՀՀԿ, երիտասարդական կազմակերպություն, Կառավարություն