Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հինգ տասնյակին մոտ մոտոցիկլավարներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից կուղևորվեն Հայաստան' ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հայկական մոտոցիկլիստների ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործակ ան ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը:
«Մեր ակցիաները սկսեցինք այն ժամանակ, երբ հայ զինվոր Արմեն Հովհաննիսյանը զոհվեց ու մենք միացանք Ադրբեջանի դեսպանության առաջ հայերի կողմից իրականացվող ցույցին: Մեր ներկայությունը շատ ոգևորեց մեր ժողովրդին: Դեսպանատների մոտ, եթե մի խումբ հավաքվում է ցույց անելու, մենք այնտեղ ենք' անկախ կուսակցական պատկանելությունից, համագործակցում ենք բոլոր հայկական կառույցների հետ: Միայն միասնության միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, դա է մեր ցանկությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Հարութ Բոգարյանը:
Խումբը ծրագրում էր Հայաստան գալ եվրոպական երկրներով, դեսպանատների առջև իրականացնելով իրազեկման ու դատապարտման ակցիաներ, բայց որոշակի դժվարություններ են առաջացել' կապված այդ ժամանակահատվածում եղանակային պայմանների հետ: «Երկու տարբերակ ունենք. մեկը Եվրոպայով քշել-գալ, բայց քանի որ մարտին պետք է գանք, այդ ժամանակ եղանակը շատ վատ է լինում: Մոտոն չես կարող քշել, եթե նույնիսկ անձրև լինի: Այդ պատճառով հնարավոր է ինքնաթիռով գանք Վրաստան, որտեղից մոտոցիկլետներով' Հայաստան: Այն մեկ ամիսն էլ, որ պետք է լինեինք ճանապարհներին, կանցկացնենք Հայաստանում, ներկա կգտնվենք Շուշիի ազատագրման տոնակատարություններին»,-հայտնեց Հարութ Բոգարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց ակումբի անդամների մի խումբ էլ մնալու է ԱՄՆ-ում ու տարբեր նահանգներում մասնակցելու իրազեկման ակցիաների:
«Այն երկրներում ու նահանգներում, որտեղ չեն ընդունել ցեղասպանությունը, կլինենք բողոքի ակցիաներով, իսկ այն երկրներին կամ նահանգներին, որոնք ճանաչել են, շնորհակալություն կհայտնեք»-նշեց Բոգարյանը:
Ակումբի անդամներն իրավունք են ստացել իրենց հագուստի վրա կրել հայկական գերբը: «Դա մեծ պարտավորություն է, քանի որ չենք ցանկանում որևէ սխալ բան անել, որով վատ կարծիք կկազմեն հայ ազգի մասին»,-ասաց Հարութ Բոգարյանը' ներկայացնել իրենց ակումբի զինանշանը: «Սուրերը ներքև նշանակում է, որ ցանկացած ժամանակ պատրաստ ենք կռվի դուրս գալ, բայց մենք խաղաղություն ենք ցանկանում, մեջտեղում հավերժության նշանն է, որը մեր էությունն է»,-հայտնեց բանախոսը:
Իրազեկման ու դատապարտման ակցիաների ժամանակ մոտոցիկլավարներն իրենց հետ կունենան հայկական դրոշներ, որոնց վրա սև լենտեր կլինեն, ինչպես նաև «ապրիլի 24» գրվածքով պաստառներ կկրեն: Ակումբի անդամների մեջ կան նաև օտարազգիներ, ովքեր ևս ցանկություն են հայտնել գալ Հայաստան:
Հարութ Բոգարյանի տեղեկացմամբ' իրենց բարեգործական հիմնադրամը ԱՄՆ-ում աջակցություն է տրամադրել 1200 անօթևանների' տրամադրելով նրանց հագուստ, մեկ օր շարունակ տրամադրել է սնունդ ու ջուր, որի համար շնորհակալագիր է ստացել Կալիֆորնիայի սենատի կողմից: