Մոսկվայի Խովանսկի գերեզմանատան անվտանգության աշխատակիցները խնդրել են լրագրողներին չմտնել գերեզմանատան տարածք, որտեղ այսօր պետք է տեղի ունենա քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հուղարկավորության արարողությունը, տեղեկացնում է Взгляд-ը։
Ըստ Интерфакс-ի տվյալների, կիրակի առավոտյան Խովանսկի գերեզմանատան մուտքի առաջ հավաքվել է նկարահանման շուրջ 10 խումբ՝ տարբեր հեռուստաընկերություններից, ռադիոկայաններից և հրատարակչություններից։
«Նախևառաջ սա սգո միջոցառում է և առանց հանգուցյալի հարազատների թույլտվության որևէ նկարահանումներ անցկացնելն անօրինական է»,- ասել է անվտանգության ծառայության աշխատակիցը։ Նա նաև ընդգծել է, որ այդ արգելքը պայմանավորված է մամուլի ներկայացուցիչների անվտանգության հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թբիլիսիի օդանավակայանում հրաժարվել են ընդունել Ուսոյանի դիակը տեղափոխող ինքնաթիռը։ Արդյունքում դիակը կրկին վերադարձվել է Մոսկվա։ Ուսոյանի հարազատները, ովքեր ցանկանում էին նրան հուղարկավորել Վրաստանում, մեղադրել են վրաց իշխանություններին «օրենքով գող»-ի դիակը չընդունելու մեջ։