Հայաստանում Ռուսաստանի քաղաքացի Մաքսիմ Նիկիտենկոն գրել է Գառնիի հեթանոսական տաճարի պատի վրա: Կատարվածը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան: Այս մասին գրել էր «Газетa.Ru»-ն:
Ռուս զբոսաշրջիկը աէրոզոլային ներկով տաճարի պատի վրա գրել է. «Կուռքերը ոչինչ են»:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի մամուլի խոսնակ Մարինե Ավանեսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գրությունը դեռևս Գառնու տաճարի վրայից չի հեռացվել, քանի որ այնտեղ այս պահին աշխատում են իրավապահները:
«Իրավապահներն այնտեղ աշխատանքներ են իրականացնում: Ոստիկանության աշխատանքներից հետո մենք անմիջապես ձեռնամուխ կլինենք, որ դա վերացվի, - ասաց Ավանեսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է ներկն այնպիսին լինի, որ այն հեռացնել չհաջողվի, ՊՈԱԿ-ի խոսնակը պատասխանեց. «Չեմ կարծում, ամեն դեպքում ներկը երևի դժվար հեռացվող ներկ կլինի, բայց չեմ կարծում՝ հնարավոր չլինի այն հեռացնել: Համենայն դեպս, մենք ամեն ինչ կանենք, որ շատ սեղմ ժամկետում ձեռնամուխ կլինենք մաքրմանը»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ վանդալիզմի այս դրսևորումը նկատել է այցելուներից մեկը և հայտնել է տաճարի իրավապահ մարմիններին: Վերջիններս հայտնում են, որ զբոսաշրջիկը արտաքինից 22–23 տարեկան երիտասարդի տեսք ունի և ամենևին չի զղջում իր արածի համար:
Երիտասարդին սպառնում է 50 000 դրամի կամ նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով տուգանք: