Հայաստանը կարող է դառնալ Եվրախորհրդի ներքո գործող համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: «Եվրիմաժին» Հայաստանի անդամակցության հարցը վաղուց էր քննարկվում, սակայն գալիք հունվարին հարցը կարող է իրատեսական դառնալ:
«Հունվարի 1-ից մենք, ամենայն հավանականությամբ, կդառնանք «Եվրիմաժի» անդամ: Միջազգային կապերը բավականին լայն են և ամուր: Մեր եղած բյուջեն չի բավականացնի անգամ մեկ ֆիլմի ստեղծման համար, բայց տեսեք, թե ինչքան ֆիլմեր ենք նկարահանում: Դա մեր կապերի շնորհիվ է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գևորգ Գևորգյանը:
Գևորգյանի խոսքով՝ եթե «Եվրիմաժին» լավ նախագիծ ներկայացվի, ապա այն անպայման ֆինանսավորում կստանա: «Եվրիմաժի» անդամները որոշակի վարձ են վճարում: Մեզ համար վարձը 110 հազար եվրո է, բայց կան երկրներ, որոնք տասնյակ միլիոններ են ներդնում: Վրաստանն արդեն մեկ տարի «Եվրիմաժի» անդամ է, և իրենք իրենց մուծած գումարից երեք անգամ շատ են ստացել: Ստացած գումարի չափը կախված չէ վճարված գումարից: Եթե լավ նախագծեր ունես, լայն հնարավորություններ ունես համատեղ ֆինանսավորում ստանալու համար: Մենք այսօր մեծ դժվարությամբ ենք կարողանում համատեղ արտադրության ֆիլմեր ստեղծել, որովհետև մեզ առաջին հերթին հարցնում են՝ «Եվրիմաժի» անդա՞մ եք»,- հավելեց ՀԱԿ տնօրենը:
Եվրախորհրդի ներքո գործող համատեղ կինոարտադրության և կինովարձույթի աջակցության «Եվրիմաժ» հիմնադրամը գործում է 1988 թվականից և ունի 33 անդամ երկիր: