Հարավային Կովկասի գծով ճանաչված վերլուծաբան Թոմաս դե Վաալը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի Foreign Affairs ժողովածուում գրում է, որ նավթի վաճառքից հարստացած Ադրբեջանն այժմ գտնում է, որ կարող է ավտորիտար կառավարման մոդել հիմնել, իսկ էներգետիկ եւ անվտանգության հարցերում իրեն ներկայացնել որպես Արեւմուտքի «ռազմավարական գործընկեր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա համոզմամբ, Ադրբեջանի' արտաքին քաղաքականության արեւմտամետ եւ ռուսամետ ուղղություններից տարբերվող այդ «երրորդ ճանապարհը» այժմ քննություն է անցնում:

 

Թոմաս դե Վաալը գրում է, որ ղարաբաղյան հակամարտությունում հայերի նկատմամբ պարտությունը խորը հետք է թողել Ադրբեջանի հետագա ամբողջ արտաքին քաղաքականության մեջ:

 

Հեղինակը գրում է, որ ներկայում դիտվող նավթային երկրորդ բումը (առաջինը տեղի է ունեցել 19-րդ դարում) վերածվել է Ադրբեջանի քաղաքականությունը ձեւավորող կարեւոր գործոնի: Հոդվածում նշվում է, որ իշխանությունը Հեյդար Ալիեւից որդուն փոխանցելու գործողությունը տեղի է ունեցել 20 տարի առաջ արտասահմանյան ներդրողների հետ ստորագրված ձեռնտու նավթային պայմանագրերի ֆոնին:

 

Դե Վաալը միտքն ամբողջացնում է հետեւյալ կերպ. «...Բայց սա նաեւ ստեղծել է օլիգարխների նոր դաս»: Նրա կարծիքով' հենց այդ պատճառով էլ Ադրբեջանի քաղաքական վերնախավի գլխավոր նպատակը առկա քաղաքական եւ տնտեսական հիերարխիայի պահպանությունն է:

 

«Նախագահն արտոնյալ կերպով նստել է պետության գլխին, սակայն չի կարողանում վերահսկել իր բոլոր ենթականերին: Արտակարգ իրավիճակների, տրանսպորտի եւ ներքին գործերի օլիգարխ-նախարարները միանգամայն լեգիտիմացված զինված ուժեր են ստեղծել իրենց հարստությունները պահպանելու համար: Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ուղղված է այն բանին, որպեսզի ամեն դեպքում այդ հարաբերությունները չբախվեն Ադրբեջանի ավտորիտար կառուցվածքի պահպանության հետ», -գրում է Թոմաս դե Վաալը:

 

Հեղինակը հշեցնում է նաեւ 1990-ականներին Հեյդար Ալիեւի հետեւյալ խոսքը. «Վաշինգտոնը նոր Կրեմլ է»:

 

Թոմաս դե Վաալը համոզմունք է հայտնում, որ արտաքին քաղաքական ուղղվածության «երրորդ ճանապարհն» ընտրելու հետ Ադրբեջանի իշխանությունը տագնապած է, որ դա իրեն չի հաջողվի իրականացնել: Վերլուծաբանը գրում է, որ Եվրոպայի գազի պահանջարկի ընդամենը 2 տոկոսը բավարարող Ադրբեջանի' Արեւմուտքի հիմնական նավթային հսկաների հետ մեղրամիսն ավարտվելու վրա է, քանի որ Ֆրանսիայի «Total» եւ գերմանական E.ON ընկերությունները դուրս են եկել ադրբեջանական գազը Թուրքիայի վրայով Եվրոպայի սահմաններ հասցնող Անդրադրիատիկ գազատարի (TAP) նախագծից, իսկ նորվեգական &laquo ;Statoil» ընկերությունը խիստ փոքրացրել է իր մասնակցությունը նախագծին: