Ըստ Սյունիքի մարզպետարանի կայքի՝ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ: Աղբյուրը նշում է, որ վերլուծության է ենթարկվել ոլորտի ողջ արտադրական ընթացքը, ալյուրի ձեռքբերումից մինչև հացը քաղաքացիներին հասցնելը: Քննարկվել են հացի գնագոյացման խնդիրները և քաշի ավելացման արտադրական, տնտեսական հնարավորությունները: Մարզպետի և գործարարների համատեղ քննարկման արդյունքում որոշվել է հացարտադրության մեջ ներկայումս ֆիքսված հացի 500 գրամի դեպքում 240 դրամ հարաբերակցությունը փոխել, դարձնելով 600 գրամ հացի դիմաց 240 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի այսօրվանից:

 

Ինչ որ խիստ լռություն է թեմայի շուրջ: Այն, որ Սյունիքում հացը շուրջ 17 տոկոսով էժանանում է՝ հայրենասերներին ու Ֆեյսբուքի խրոխտ քարոզիչներին ընդհանրապես չի հետաքրքրում: Այս տեղեկությունը այնքան աննկատ մնաց, որ ուղղակի զարմանալի է: Ոչ մեկը արդարության համար չնշեց, որ չնայած այսքան աղմուկին՝ աննախադեպ բան է արվել Հայաստանում: Ոչ մեկի մոտ չի կարող կասկած լինել, որ սա մարզպետի նախաձեռնությամբ և վերահսկողությամբ է արվում:

 

Մի քիչ օբյեկտիվ եղեք, վատը որ ասում եք՝ լավն էլ ասեք: Թե չէ սկսում եմ լրջորեն կասկածել, որ յուրաքանչյուր ձեր պայքարի տակ անձնական շահն է դրված:

 

Արամ Հակոբյան