Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստից հայկական պատվիրակությանը դուրս չեն հանել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվել է ադրբեջանական պատվիրակության ներկայացրած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցի պատրաստման հարցը, հայկական պատվիրակությանը դուրս են հանել դահլիճից: «Նման բան չի եղել: Այդ մասին գրել են ադրբեջանական կայքերը, դուք էլ վերցրել և արտատպել եք նրանց ասածները: Ես խնդրում եմ, եկեք, ուսումնասիրեք վեհաժողովի կանոնակարգը, տեսեք կարող ե՞ք գտնել մի կետ, որ որևէ երկրի պատվիրակության դուրս հանեն դահլիճից. նման բան գոյություն չունի: Ես խնդրում եմ ձեզ, մի արտատպեք արդբեջանական լրատվամիջոցների տարածած կեղծիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նաղդալյանը:

 

Նա տեղեկացրեց, որ իրենք դահլիճից դուրս են եկել սեփական նախաձեռնությամբ, երբ կատարել են իրենց հայտարարությունն այն մասին, որ իրենք քննարկվող զեկույցի վերաբերյալ համագործակցությունը դադարեցնում են: «Դրանից հետո արդեն մենք լքել ենք դահլիճը: Դահլիճում այդ պահին մեր պատվիրակությունից եղել ենք միայն ես և Նաիրա Կարապետյանը, քանի որ քաղաքական հանձնաժողովում մեր պատվիրակությունից հիմնական անդամը ես եմ, իսկ Նաիրա Կարապետյանն էլ ինձ փոխարինող անդամ է»,- նշեց Նաղդալյանը:

 

Նա ընդգծեց, որ իրենք հանձնաժողովում այդ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել են, որ եթե հանձնաժողովում Հայաստանի, հայկական պատվիրակության խնդիրներին ականջալուր չեն լինելու, իրենք դադարեցնում են համագործակցությունը զեկույցի վերաբերյալ: «Սա եղել է քաղաքական որոշում, հրապարակվել է, որից հետո մենք դուրս ենք եկել դահլիճից»,- նշեն նա: 

 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ հանձնաժողովի նիստում իր ելույթի տեքստը երկար է եղել, Նաղդալյանն ընդգծեց, որ շուտով կհրապարակի նաև այդ տեքստը: «Ես խոսել եմ միայն մեզ համար կարևոր հարցերի մասին. ասել եմ, որ Եվրոպայի խորհուրդն այս զեկույցով մտնում է մի դաշտ, որն իրեն չի պատկանում, այլ պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Խոսել եմ ԵԽԽՎ վեհաժողովի աշխատանքներին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին: Ահա այս հարցերին է անդրադարձ եղել, իսկ այս հարցերը քննարկվել են մեր պատվիրակության բոլոր անդամների հետ»,- նշեց Նաղդալյանը:

 

Անդրադառնալով հարցին, թե ինչի՞ համար է ընդդիմությունը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարին մեղադրում վատ աշխատելու մեջ՝ Նաղդալյանը պատասխանեց, որ ընդդիմության գործը քննադատելն է՝ հիշեցնելով, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են քաղաքական մեծամասնության երեք ներկայացուցիչ, իսկ ընդդիմությունից՝ 5: «Եվ եթե այս դեպքում ընդդիմությունը քննադատում է մեր աշխատանքը, ես կարծում եմ, որ դա նաև իր գնահատականն է: Ես ընդդիմության այդ քննադատությունը մերկապարանոց եմ համարում՝ հաշվի առնելով, որ իրենք այդ պատվիրակության կ ազմում 5 ներկայացուցիչ ունեն մեր երեքի դիմաց»,- նշեց Նաղդալյանը: