UWC Դիլիջան քոլեջըի մուտքի մոտ կառույցին կենդանություն ու նոր շունչ տված աշակերտները դիմավորում են հյուրերին և նրանց ուղեկցում դպրոց՝ ներկայացնելով իրենց նոր տունն ու նոր կյանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' 50 երկրներից ժամանած 96 աշակերտները միաբերան պնդում են՝ երջանիկ ու հպարտ են, որ քոլեջի առաջին սաներն են ու հավաստիացնում են, որ արդարացնելու են բոլորի հույսերը:

 

Լողավազան, մարզասրահ, գրադարան, լաբորատորիա, խաղահրապարակներ: Այս ու էլի մի քանի տասնյակ սենյակներ, հարկաբաժիններ կահավորված են վերջին տեխնիկայով և դառնալու են հարթակ նոր տաղանդների բացահայտման համար:

 

Միջազգային քոլեջի բացման արարողությանը մասնակից է միանգամից երեք պետության նախագահ, երկու երկրի հոգևոր առաջնորդ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ժամանել են Դիլիջան' կազմակերպիչներին և հյուրերին շնորհավորելու կրթական նոր կառույցի բացման կապակցությամբ, իսկ սաներին՝ մաղթելով ‚ բարի երթ:

 

Մինչ պաշտոնական արարողությունը, նախ կատարվում է օրհնության կարգ: Աղոթքից ու շարականներից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շեշտում է, որ կառույցը լուսավոր մտքի և ավետիսի խորհրդանիշ է. այն խաղաղության և բարեկամության խորհրդանիշ է, որի կարիքն այսօր աշխարհն ունի: «Սա մեծ առաքելություն է, հատկապես հիմա, երբ աշխարհն ալեկոծվում է սիրո պակասից, թշնամությունից, անհանդուրժողականությունից, որի արդյունքները մենք տեսնում ենք այսօր Մերձավոր Արևելքում: Դպրոցն ազգերի միջև խաղաղության և բարեկամության առանցք է:

 

Հայ ժողովուրդը մշտապես հանդես է եկել որպես խաղաղության և համերաշխության կողմնակից և հաճախ այդ գաղափարի համար հատուցել է իր արյամբ ու կյանքով: Այս նոր դպրոցը պետք է դառնա նոր կյանքի ու նոր գաղափարների սկիզբ»,- ասաց Գարեգին Բ կաթողիկոսը:

 

Սերբիայի Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի գնահատմամբ էլ դպրոցի կառուցումը լավագույն ներդրումն է Հայաստանի ապագահի համար. ապագա, որը պետք է լինի գեղեցիկ և բարեկեցիկ: