Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին կոչ է անում խորհրդարանում դատավորի դեր չկատարել, այլ միայն քննարկվող թեմաների վերաբերյալ հնչեցնել գնահատականներ և քննադատություններ:

 

Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ անդրադառնալով որոշ պատգամավորների ոչ կոռեկտ ելույթներին' Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Ազգային ժողովի ամբիոնը էթիկայի կանոնները խախտելու և վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար չէ: «Սա ձեզ համար միտինգի հարթակ չէ, սա օրենսդիր մարմին է, սա այն մարմինն է, որը վճռական է մեր պետության հետագա բոլոր գործընթացների ճանապարհին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

 

Նրա խոսքով' որքան էլ նիստ վարողը փորձում է որոշ պատգամավորների կոռեկտության դաշտ բերել, միևնույնն է' ԱԺ ամբիոնից հնչում են վիրավորական արտահայտություններ, տեղի են ունենում էթիկայի կանոնների խախտումներ: «Չի կարելի նման քայլերի գնալ հերոսանալու համար: Ես կոչ եմ անում պահպանել կոռեկտությունը: Կարելի է քննադատություն հնչեցնել քննարկվող թեմայի վերաբերյալ, սակայն միայն կոռեկտության սահմաններում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

 

Գալուստ Սահակյանը գտնում է, որ պատգամավորները կարող են քննադատել ցանկացած երևույթ, սակայն դա պետք է ներկայացնեն միայն որպես կարծիք՝ այլ ոչ թե փորձել այդպիսով ստանալ հասարակության որոշակի զանգվածի աջակցությունը՝ վարկաբելեով ողջ պետությանը և ժողովրդին: «Պատկերացրեք, եթե քաղաքական մեծամասնությունը գնար այն ճանապարհով, որը դուք եք ընտրել՝ ձեր քվեարկության կոճակները կկարմրեին: Չի կարելի:

 

Ես կողմնակից եմ բարեկրթության, և այնպես մի արեք, որ ես՝ որպես Ազգային Ժողովի նախագահ, որովհետև ես էլ պատգամավոր եմ և կարող եմ ընտրել նույն ոճը, որը դ ուք եք ընտրել: Ես ցանկնաում եմ հիշեցնել, որ դուք գործընկերներ եք և պետք է կարողանաք ընդունել նաև միմյանց հասցեին հնչող քննադատությունները, իսկ հայհոյանքները ոչ ոք չի ընդունում և չի ընդունելու»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

 

Ազգային ժողովը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը: Քննարկման ընթացքում ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ իրենց ելույթներում հանդես եկան վիրավորական բառապաշարով, իսկ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ստիպված եղավ անջատել պատգամավորի խոսափողը: