Այսօր Ազգային ժողովում շարունակվեց «Սահմանամերձ գյուղերում գործունեության իրականացումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի և հարակից փաթեթների քննարկումը, որի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը վեճի առիթ դարձավ վերջինիս և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Վարդան Այվազյանի միջև:

 

Փաշինյանի խոսքով՝ քննարկվող օրենքի 90%-ն առնչություն չունի սահմանամերձ գյուղերի հետ և այս օրենքով ինչ նախագիծ ցանկացել են, փաթեթով ներկայացրել են՝ անցկացնելու համար:

 

«Այս օրենքով ցույցերի եք հանում սահմանամերձ գյուղերի փոքր օբյեկտների աշխատողներին, որ այս օրենքից հետո դուրս են գալու ճամփա փակեն, ասելու են՝ ձեր արտոնությունները չենք ուզում, թողեք աշխատենք:

 

Ասում եք՝ տատիկները, պապիկները վարսավիրանոց են գնում, ասեմ, որ նույն տատիկ-պապիկները կամ մազ չեն կտրում, կամ էլ իրար մազ են կտրում, դրանով հարցը լուծվում է, իսկ հոսանքի ու գազի փող ամեն օր են տալիս, հիմա դուք էդ մարդկանց ասում եք՝ գիտահետազոտական արտոնություններ, որոնք այդպես էլ այդ մարդիկ երբեք չեն տեսնի»,- ասաց պատգամավորը:

 

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին՝ Վարդան Այվազյանը նշեց, որ ինչպես նախատեսվել է, այնպես էլ արվում է. «Հարկային բեռի թեթևացում է գնում: Այս քաղաքականությամբ իրականացվում է այն, որ մարդն, ով ապրում է սահմանին, ավելի թեթև ապրի, քան պետական բյուջեն 3, 4 մլրդ ավելի գումար մտնի»,- ասաց նա:

 

Այվազյանը բացատրեց, թե տատիկ-պապիկների համար օգնություն է, երբ նա գնում է խանութից հաց առնելու, իսկ իրենք նույն այդ խանութին ազատում են հարկերից. «Այն մկրատը, որ ծախում են, որով մյուսը պետք է մազը կտրի, դրան էլ ենք ազատում»,- ասաց նա:

 

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, թե լավ է առձեռն գումար տալ նույն տատիկին, պապիկին, որ գնա իր պարտքերը փակի. «Երբ որ դուք արտոնություն եք տալիս, ու մարդիկ ցույց են անում, դա նշանակում է, որ քթներից հանում եք: Երկու օրա հայտարարում եք հեռուստատեսությամբ, թե սահմանամերձի բնակիչներին արտոնություն եք տալիս, ոչ մի բան էլ չեք տալիս, էդ տատիկ-պապիկների մասին, որ էդքան մտածող լինեիք, էս 25 տարի այդ տատիկ-պապիկներին չէիք թալանի, բոլորդ միլիոնատերեր դառնայիք, եկել եք տատիկ-պապիկներին մտածող եք դարձել, որ իրենք հաց առնեն, երբ նույն տատիկ, պապիկները 100 000 դրամով «նիսյա» ունեն խանութներում, փողը տվեք այդ մարդկանց, թող իրենց «նիսյանները» փակվեն և ոչ թե տանեք ձեր օբյեկտները դնեք հարկային արտոնությունների տակ, սահմանամերձ գոտիներով էլի ձեր միլիարդները կրկնապատկեք»,- ասաց նա:

 

«Սահմանամերձ շրջաններում ինչքան օբյեկտ ունեմ, քեզ եմ տալիս»,- ասաց Վարդան Այվազյանը Նիկոլ Փաշինյանին:

 

Այս խոսակցությունից հետո, չնայած անջատեցին Փաշինյանի խոսափողը, բայց շարունակվեց բուռն լեզվակռիվը. պատգամավորը պահանջեց Վարդան Այվազյանից իր հետ «Դուք»-ով խոսել.

 

«Լավ Դուք-ին եմ տալիս»,- ասաց Այվազյանը և տեսնելով, որ Փաշինյանը շարունակում էր բարձրաձայն արձագաքնել, հարցրեց. «Թե Դուք խի՞ տենց սկսեցիք անհանգստանալ» «Դուք ով եք այ տղա»,- չդիմանալով բացականչեց Այվազյանը, ինչին ի պատասխան լսվեց Փաշինյանի հակադարձումը. «Բա դո՞ւ ով ես այ տղա»,- ասաց նա և անցավ շեֆերին:

 

Այվազյանը պաշտպանվեց. «էդ դու չես, որ կարաս իմ շեֆերին բան ասես, դու շատ պստիկ ես, որ իմ շեֆերին հասնես»:

 

Վեճին միջամտեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 

Այնուհետև հերթ չտալով ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանին՝ Վարդան Այվազյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին. «Ամոթը չափ ունի բոլորի համար, սուտի գոռգոռալով չի: Էդ քո պապաները պտի ասեին՝ ով որ կանկրետնի զադանիա են տալիս, նույն էդ պապաներդ պիտի ասեն՝ ոնց խոսաս, արա, էղավ, չշշկռվես հանկարծ:

 

Փաշինյանի գոռգոռոցից միայն լսվում էր հակադարձումը. «Արան դու ես, ա՛յ տղա»: