Փարիզի Բուլոնյան այգում տեղի է ունեցել Louis Vuitton թանգարանի բացման արարողությունը, որին մասնակցել է նաև Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, ապակեպատ թանգարանի հեղինակը ճարտարապետ Ֆրենկ Գերին է: Նրա գնահատմամբ, թանգարանը նման է ապակե խնձորի, որտեղ կան բազմաթիվ ցուցասրահներ: Թանգարանում նախատեսվում է կազմակերպել ժամանակակից արվեստի ցուցադրություններ, ինչպես նաև Louis Vuitton-ի սեփականատեր և Ֆրանսիայի ամենահարուստ մարդու՝ Բեռնար Առնոյի անձնական հավաքածուն, որտեղ ընդգրկված են Պաբլո Պիկսոյի, Հենրի Մուրի, Գերհարդ Ռիխտերի, Էնդի Ուորհոլի, Ագնես Մարտինի և 20-րդ դարի այլ հռչակավոր նկարիչների ստեղծագործությունները:

 

Թանգարանի կառուցման աշխատանքները տևել են 13 տարի: Այդ ընթացքում 85-ամյա Գերին ստեղծել է 60 նախագիծ: Թանգարանի բարձրությունը 60 մետր է, այնտեղ կա 11 ցուցասրահ, կինոսրահ, դահլիճ՝ թատերական ներկայացումների, երաժշտական համերգների համար: Պաշտոնապես թանգարանը կգործի հոկտեմբերի 27-ից: Առաջին ցուցահանդեսը նվիրված է թանգարանի ճարտարապետին. կցուցադրվեն այն բոլոր 60 նախագծերը, որոնք ներկայացվել էին թանգարանի կառուցման համար: Շինարարական աշխատանքների համար Louis Vuitton հիմնադրամը ծախսել է 140 միլիոն եվրո: Թանգարանի ղեկավարությունը հույս ունի, որ այն տարեկ ան կունենա ավելի քան 700 հազար այցելու: