Իտալական Կալյարի քաղաքում անցկացված միջազգային գիտաժողովի ժամանակ քննարկումներից մեկն ամբողջությամբ նվիրվել է Հայոց ցեղասպանության խնդրին: Գիտաժողովը կայացել է' չնայած թուրքական կողմի ճնշումներին: Հռոմում Թուրքիայի դեսպանությունը մի քանի անհաջող փորձ էր կատարել ձախողելու միջազգային հավաքի կայացումն ու նույնիսկ փորձել է համոզել Կալյարիի քաղաքապետին' չմասնակցել գիտաժողովին, սակայն Հայոց ցեղասպանության համաեվրոպական ճանաչման ակցիա սկսած իտալա-արաբական «Ասսադակահ» կազմակերպությանը ոչինչ չի խանգարել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիտաժողովի բանախոսներն են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, Կալյարիի քաղաքապետ Մասսիմո Զեդդան, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Կալյարիի համալսարանի հետազոտող Նիկոլա Մելիսը, ռազմական լրագրող Թալալ Խրաիսը, հայկական ծագումով սիրիացի լրագրող Նաման Տարչանը, «Սպոնդասուդ» լրատվականի աշխարհաքաղաքական հարցերով խմբագիր, լրագրող Ալեսանդրո Արամուն:

 

Դեսպան Սարգիս Ղազարյանը, խոսելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի և Ադրբեջանի ժամանակակից ագրեսիվ քաղաքականության վրա: Նախ խոսելով Թուրքիայի մասին' դեսպանը նշել է, որ այդ պետությունը ոչ միայն մերժում է իր իսկ գործած ոճիրը, այլև պատմության ժամանակակից փուլի պատմության դասագրքերով խեղաթյուրում է իրականությունը: Նա ընդգծել է, որ պաշտոնական Անկարան հնարավոր ամեն միջոցով հերքելով այն հանցագործությունը, որի ճարտարապետն է եղել, նպաստում է դրա շարունակականությանը: Որպես ապացույ ց նա հիշատակել է Թուրքիայի տարածքում եկեղեցիների ու վանքերի, պաշտամունքի վայրերի ավերումն ու փակումը, որը նպատակ է հետապնդում մարդկանցից թաքցնել ճշմարտությունը: Անդրադառնալով Ադրբեջանին' Սարգիս Ղազարյանը նշել է, որ այս պետության հետ Հայաստանի բարդ հարաբերությունները պայմանավորված են ադրբեջանական կողմից մշտապես եկող սպառնալիքներով: Դեսպանը համոզմունք է հայտնել, որ խոսելով Ցեղասպանության մասին, դատապարտելով եւ ճանաչելով այն, հնարավոր կլինի կանխարգելել հետագա պատերազմները, որոնք նորանոր մարդկանց կյանքեր կխլեն:

 

Քննարկումների կազմակերպման նախաձեռնության հեղինակ «Ասսադակահ» իտալա-արաբական կենտրոնը վերահաստատել է կոչն ուղղված ՄԱԿ-ին և Եվրախորհրդարանին, որով պահանջում է 2015-ը հռչակել Հիշատակի տարի: Կենտրոնի ներկայացուցիչների հավաստմամբ' Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերին դպրոցականների և ուսանողների ներգրավմամբ հնարավոր կլինի ավելի լայն շրջանակներին տեղեկացնել հայերի հանդեպ իրագործվածի մասին, որից հետագայում բխել են նոր չարիքներ:

 

Լիբանանից ռազմական լրագրող Թալալ Խրաիսն իր ելույթում անդրադարձել է Թուրքայի օգնությամբ իսլամիստների հարձակմանը Սիրիայի հայաբնակ Քեսաբ գյուղաքաղաքի վրա, ինչի հետևանքով բնակավայրը հայաթափվել էր: Նա նշել է, որ Քեսաբից հարյուրավոր հայկական ընտանիքների տեղահանման մեջ ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ հիմա իր կարևոր դերն է ունեցել Թուրքիան: Խրաիսը մեղադրել է «սուլթան Էրդողանին» Սիրիայում տեղի ունեցող պատերազմը որպես հայերի նկատմամբ իր թշնամանքի դրսևորում ի ցույց դնելու համար:

 

Քննարկմանը ելույթ ունեցած մեկ այլ լրագրող' Նաման Տարչան, պատմել է իր տատիկի պատմությունը, ով ևս Հայոց ցեղասպանության ժամանակ ստիպված լքել է իր հայրենիքը: Նա անդրադարձել է նաև Սիրիայում Ցեղասպանության հետևանքով կազմավորված հայկական համայնքին ու դրա գործունեությանը:

 

Կալյարիի համալսարանի հետազոտող Նիկոլա Մելիսը խոսել է Օսմանյան կայսրությունում հայկական ներկայության և հայերի կարևորության մասին տարբեր պատմական ժամանակահատվածներում:

 

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն իր ելույթի ժամանակ պատմել է 1914 թվականին ծնված Ահարոն Մանուկյանի պատմությունը, ով մեկ տարեկան էր, երբ նրա ընտանիքը ստիպված է լինում լքել Վանում իրենց' եկեղեցու բակում գտնվող տունը: Նրա հայրը մահացել էր Վանի հերոսական ինքնապաշտպանական մարտերի ժամանակ: Ահարոնի մայրը որդիների հետ հասնում է Էջմիածին, և քանի որ ամուսնու մահից հետո ինքը պետք է հոգար երեխաների կարիքները, որդիներին տանում է Գյումրիի ամերիկյան որբանոց, իսկ ինքը վերադառնում Էջմիածին աշխ ատանք գտնելու նպատակով: Անանյանն իր խոսքում ընդգծել է, որ Ահարոնի պատմությունը միայն մեկն է այն երեխաների պատմություններից, ովքեր Հայոց ցեղասպանության հետևանքով ստիպված են եղել ապրել առանց ծնողների: