Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցության բանակցությունները լիարժեք չեն կարող լինել։ Լրագրողների հետ հոկտեմբերի 30-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը։
«Փարիզյան բանակցությունների ժամանակ բացասական էր այն, որ Ադրբեջանը փորձեց օրինականացնել շփման գծում տեղակայված դիպուկահարների ներկայությունը։ Բացի այդ՝ տեղին չէր Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի ցանկությունը' արագացնել խաղաղության համաձայնագրի քննարկումները, քանի որ չկա որևէ հստակություն այս հարցի վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետը և հավելեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կազմակերպած, իրար հաջորդող Սոչիի, Ուելսի և Փարիզի հանդիպումները նշանակում են, որ համանախագահների միջև կա հավասարակշռություն, քանի որ ԼՂ հիմնահարցի կարգավորման մենաշնորհացումը մի երկրի կողմից բացասական կազդեր բանակցային գործընթացի վրա։
Անդրադառնալով Փարիզյան բանակցությունների դրական կողմերին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ առաջընթաց կարելի է համարել Կարմիր Խաչի միջոցով անհայտ կորածների մասին տեղեկատվության փոխանակման փաստը, ինչպես նաև' Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղղված կոչը, որ իրենց երկրների հասարակություններին նախապատրաստեն խաղաղությանը. այն ուղղված էր առաջին հերթին ադրբեջանական կողմին։
«Իհարկե, այս ամենն զգոնությունը թուլացնելու հիմք չի տալիս մեզ, բայց այն, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա շփումները շարու նակել 2015թ. ՄԱԿ-ի հերթական գագաթաժողովի ժամանակ, որոշ լավատեսության հույս տալիս է»,- ընդգծեց բանախոսը' նշելով, որ Փարիզյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը խոսում է փոխադարձ վստահության աճի մասին։
2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում Օլանդը կոչ է արել կողմերին ցուցաբարել անհրաժեշտ քաղաքական կամք՝ հաղթահարելու տարաձայնությունները և առաջարկել է սկսել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները։