Նիկոլայ Ռիժկովն է Հայաստանում՝ սովետի վարչապետը, ներկայումս հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, հետն էլ՝ մեր ազգային հերոսներից մեկը:

 

Ես երբեք չեմ հասկացել՝ ինչի է այս մարդու կերպարն այսքան միֆական ընդունվում Հայաստանում, ո՞ր արժանիքի համար: Մենք զգացմունքային ազգ ենք ու, թերևս, չենք մոռանում այն պահը, երբ Ռիժկովն արտասվում էր՝ երկրաշարժի փլատակների վրա, սակայն անտեսում ենք կարևոր, շատ կարևոր մի հանգամանք, որ Գյումրիի, Վանաձորի, Սպիտակի շենքերն այդքան շուտ «խոնարհվեցին» հենց սովետական շրջանի «փայլուն» շինարարության պատճառով: Ու չեմ բացառում, որ Ռիժկովը, ԽՍՀՄ այլ պատասխանատուներ երկրաշարժի փլատակների վրա արդեն իսկ կանխատեսում էին իրենց խիստ «որակով» կայսրության վախճանը:

 

Ինչևէ, հիմա խոսքը 26 տարվա վաղեմության իրադարձությունների մասին չէ, որովհետև Ռիժկովն, արդեն ասացի, Երևանում է ու իր այսօրվա կարգավիճակով էլ շարունակում է «հիացնել» մեզ:

 

Նա Երևանում հայտարարել է՝ Ղրիմը հնուց ի վեր բուն ռուսական հող է, մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի, և եթե այն հայկական կլինի, ապա հարց չկա՝ Ղարաբաղը նույնպես կարող է դառնալ Եվրասիական միության անդամ: Ազգային ժողովում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստն էր, և Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Ռիժկովը, ում 2008-ին շնորհվել է Հայաստանի բարձրագույն՝ «Ազգային հերոս» կոչումը, այսպես է արձագանքել հարցին, թե ինչո՞ւ Ղրիմը կարող է հայտնվել Եվրասիական միության կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ։


Ռիժկովն ամեն բան բացահայտ և ուղիղ է ասել՝ նույնիսկ առանց տողատակի ու դիվանագիտական քողածածկույթի: Ասածի տրամաբանությունն էլ հստակ է՝ Ղարաբաղի հայկականությունը դեռ չեք ապացուցել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Ղրիմի ռուսական լինելը շատ ավելի վիճահարույց է, ու Ռուսաստանն էլ միջազգային պատժամիջոցների է ենթարկվում՝ հենց Ղրիմն իրեն միացնելու համար:

 

Մի կողմ եմ թողնում նաև այն հանգամանքը, որ ռուսաստանցի գործիչները Ղարաբաղի հարցում փորձում են պահել պարիտետը ու անել այնպիսի հայտարարություններ, որ հանկարծ չգրգռեն Ադրբեջանին, չհարուցեն նրա դժգոհությունը:

 

Մտածում էի՝ ի՞նչ գործ ունի Ռիժկովը Հայաստանի Ազգային հերոսների ցուցակում, եթե մինչև հիմա նրա համար ակնհայտ չէ Ղարաբաղի հայկական լինելը: Մեր Ազգային հերոսների շարքում նաև արցախյան ազատամարտի նահատակներ են, մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել, զոհաբերել են՝ հանուն Արցախի հայկականության, հանուն հայրենիքի, ու ես այս մարդկանց հիշատակի առաջ ինձ մեղավոր եմ զգում, որ կարգավիճակով նրանց հավասարեցված մարդը՝ Հայաստանի մեկ այլ Ազգային հերոս, կասկածի տակ է դնում Ղարաբաղի հայկականությունը:

 

Երեկ բացահայտվեց նաև մեր դիվանագիտության, նաև՝ խորհրդարանական դիվանագիտության տկարությունը:

 

Նիկոլայ Ռիժկովն ուշագրավ ևս մեկ հայտարարություն է արել: Նա ասել է, թե տեղյակ չէ Ռուսաստանից ով և ինչ սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին:

 

Քաղաքական այս «անմեղսունակությունը» երկու պատճառ կարող է ունենալ: Կամ Ռուսաստանն այնքան անկարևոր է համարում Հայաստանը, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ է նշանակում մեկին, ով ընդամենը «տուրիստի» կարգավիճակով է Հայաստան գալիս, կամ էլ մեր պատվիրակությունը որևէ անգամ հանձնաժողովում չի բարձրացրել Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հարցը:

 

Ես կարծում եմ՝ տվյալ դեպքում, ոչ թե «կամ, կամ»-ն է ճիշտ, այլ՝ «և, և»-ը:



Սուրեն Սուրենյանց