ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Միացյալ կրթաշրջանի վարչությունը միաձայն որոշում է ընդունել, որով հայ աշակերտներին թույլատրվում է ապրիլի 24-ին բացակայել ուսումնական հաստատություններից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, առաջարկը ներկայացրել էր վարչության անդամ Մոնիկա Ռեթլիֆը:

 

Նրա խոսքով' իրենք հաճախ են բողոքներ ստացել հայ աշակերտներից և ծնողներից, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը բացակայելու համար աշակերտների դեմ պատիժներ են սահմանվում։

 

«Որպես ուսուցիչ, գիտեմ, թե որքան կարևոր է, որ յուրաքանչյուր աշակերտ ամեն օր ներկա լինի դասընթացին: Սակայն, միաժամանակ, պետք է գիտակցենք, որ կան ոգեկոչումներ, որոնք նույնքան կարևոր են աշակերտի համար, և ծնողների որոշումները չպետք է անտեսվեն Լոս Անջելեսի Միացյալ կրթաշրջանի կողմից», -ասել է Ռեթլիֆը: