«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ «Երևանի մարաթոնը» կազմակերպվում է 2018 թվականից և տարածաշրջանում միակ 42կմ մարաթոնյան վազքարշավն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում և հավաստագրված է «AIMS» միջազգային մարաթոնների կազմակերպության կողմից։
Քաղաքապետարանից հայտնում են, որ վազքարշավը մեկնարկելու է ապրիլի 28-ին՝ ժամը՝ 08:00-ին, Ս. Շահումյանի անվան հրապարակից և շարունակվելու մինչև 14:30-ն՝ ընդգրկելով 42կմ, 21կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ (մանկական վազք) վազքատարածություններ:
Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և «Կասկադ» համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, «Հաղթանակ» կամրջով, Արգիշտի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ.Պուշկին փողոցներով՝ մրցավազքը եզրափակվելով մեկնարկային վերջնագծում:
Մեկնարկային տարածքը վազորդների համար բաց կլինի ժամը 07:00-ից:
Միջոցառման ընթացքում՝ ժամը 8:00-ից մինչև 14:00-ն փախադրամիջոցների երթևեկությունը դադարեցվելու է վերոնշյալ հատվածներում՝ հատվածական կամ ամբողջ միջոցառման ընթացքում:
Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի շուրջ 2000 վազորդ: