ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նոյեմբերի 4-ին շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, ամբաստանյալ Դիլհամ Ասկերովն այսօր հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ բոլոր ցուցմունքներն արդեն տվել է նախաքննության ընթացքում, որոնք կարող են հրապարակվել դատախազ Կարեն Գաբրիելյանի կողմից: Այնուհետև մեղադրող կողմը հրապարակել է այս տարվա սեպտեմբերի 16-ին նախաքննության ժամանակ ամբաստանյալ Ասկերովի ցուցմունքները, համաձայն որոնց, Ասկերովն ընդունել է, որ փորձաքննության արդյունքներով բերված ապացույցները վկայում են, որ ինքն է սպանել Սմբատ Ցականյանին, բայց պատանու սպանության մեջ ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

 

Հատկանշական է, որ Ասկերովին պատկանող ինքնաձիգը, որից սպանվել է Սմբատ Ցականյանը, ունեցել է այն զորամասի համարը, որի հետախուզական գումարտակում ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի տարիներին ծառայել է ամբաստանյալը, ով սակայն պատահականություն է համարել այդ փաստը:

 

Այնուհետև դատարանը լսել է տուժողի իրավահաջորդ, սպանվածի հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքները, ըստ որոնց, Սմբատ Ցականյանը գումար էր վաստակում միրգ հավաքելու և վաճառելու միջոցով: Անհետանալու օրը նա կրկին գնացել է կեռաս և ընկույզ հավաքելու: Պատանու տարօրինակ ուշացումն անհանգստացրել է ծնողներին, և նրանք սկսել են փնտրել բոլոր հավանական վայրերում, որտեղ կարող էր լինել նա: Երկօրյա ապարդյուն որոնումներից հետո դիմել են տեղի ոստիկանության բաժին, սակայն միայն ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի բացահայտումից հետո է պարզվել, որ պատանին նրանց մոտ է եղել, իսկ ավելի ուշ էլ իմացել են, որ նա սպանված է:

 

Ի դեպ, ձերբակալման պահին դիվերսանտների մոտ հայտնաբերվել է հայկական դրամ ու Ղարաբաղ Տելեկոմի կանխավճարային քարտ, որը նրանք առգրավել էին Սմբատ Ցականյանից: Հոր՝ Մեխակ Ցականյանի ցուցմունքի համաձայն՝ պատանին այդ գումարը հավաքել էր դպրոցական հագուստ և պարագաններ գնելու համար:

 

Նոյեմբերի 4-ի դատական նիստի ընթացքում ցուցմունք է տվել նաև տուժող Վրեժ Բալայանը: Ադրբեջանական հանցագործ խմբի անդամները, կոտրելով նրա տան կողպեքը, գողացել էին անձնագիրն ու զինվորական գրքույկը, վերարկուն, ինչպես նաև հորթը: Նա նշել է, որ անջրանցիկ տոպրակի մեջ դրված փաստաթղթերը կախված են եղել պատին: Տուժող Բալայանն իր փաստաթղթերի անհետանալու մասին տեղեկացել է ոստիկանությունից, երբ արդեն ձերբակալվել էր Դիլհամ Ասկերովը, ում հագած գողացված վերարկուի գրպանից հայտնաբերվել էին կորած փաստաթղթերը:

 

Ասկերովը հաստատել է, որ իսկապես իր գրպանում են եղել այդ փաստաթղթերը, որոնց մասին ինքը տեղյակ չի եղել, քանի որ դրանք խմբի սպանված անդամ Հասանովն է գողացել, և մինչև վերարկուն իրեն հանձնելը գրպանում էր դրել այդ փաստաթղթերը, որոնց գոյության մասին ինքը միայն ձերբակալման ժամանակ է իմացել:

 

Հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը(ծնված 1968թ.) և ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումենե կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին' ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազեր ծվել:

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են: