Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի՝ նոյեմբերի 21-ին Կիեւ ծրագրված այցի մանրամասները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

 

Քերին բարձր է գնահատել գազի խնդրի շուրջ համաձայնությունների ձեռքբերումը, աջակցություն է հայտնել «Մինսկի արձանագրության տառն ու ոգին պահպանելու ուղղությամբ նախագահ Պորոշենկոյի գործողություններին», ինչպես նաեւ պետության ղեկավարին շնորհավորել է Գերագույն ռադայի ընտրությունների անցկացման կապակցությամբ՝ դրանք որակելով «ազատ ու ժողովրդավարական»:

 

Իր հերթին Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել պետդեպարտամենտի ղեկավարին այն կարեւոր դերակատարության համար, որ ԱՄՆ-ն ունի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն միջազգային աջակցության համախմբման գործում, ինչպես նաեւ հայտարարել է հանրապետության արեւելքի իրադրության խաղաղ կարգավորմանն իր կողմնակցության մասին: Բացի այդ, նա առաջարկել է վերականգնել բազմակողմ երկխոսության Ժնեւի ձեւաչափը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով Դոնբասի իրադրության խաղաղ կարգավորման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: