Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Միացյալ Թագավորության' Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում Ալիևն ու Լիդինգթոնը խոսել են Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններից: Կողմերն ընդգծել են, որ տնտեսության բնագավառում պետությունների համագործակցության առաջնահերթությունը էներգետիկան է:
Ալիևն ու Լիդինգթոնը մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն առաջացնող տարբեր հարցերի շուրջ:
Ադրբեջան կատարած այցից առաջ բրիտանացի նախարարը այցելել էր Հայաստան, որտեղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ համոզմունք էր հայտնել, որ միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում Մինսկի խմբի համանախագահներին աջակցելու իր ջանքերը: «Լեռնային Ղարաբաղի հարցը մեծ մտահոգություն է Անգլիայի համար, քանի որ ձգձգվող հակամարտության պայմաններում մարդիկ են մահանում շփման գծում: Մենք բարձր ենք գնահատում Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, ովքեր փորձում են կարգավորման ուղի գտնել»,-հայտարարել է Դեյվիդ Լիդինգթոնը: