Թուրքիայում շարունակվում են երկրի նախագահի նոր նստավայրի շենքի շուրջ քննադատական ուղղվածության քննարկումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական odatv.com լրատվական կայքը, Թուրքիայի ճարտարապետների տան Անկարայի բաժանմունքի ղեկավարները հայտարարել են, որ նախագահական նստավայրի նոր շենքը «դատապարտում է ճարտարապետությունը»: Բաժանմունքի պետ Թեզջան Քարաքուշ Ջանդանը նոր նախագահական պալատի հետ կապված ասել է. «Եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինքնաթիռով կամ ուղղաթիռով վերեւից դիտի այն, ապա կտեսնի, որ իր պալատի ճարտարապետությունը նման է զուգարանակոնքի»:
Ջանդանն ասել է, որ ներկայում իրենք զեկույց են պատրաստում, իր խոսքով' ապօրինի այդ շենքի տգեղ ճարտարապետության վերաբերյալ, որը պետք է ուղարկեն նաեւ աշխարհի ճարտարապետական կազմակերպություններին: Նա բոլոր ճարտարապետներին, այդ թվում նաեւ պալատի ճարտարապետ Շեւիք Բիրքիին, հրավիրել է քննարկել այդ ապօրինի պալատի ճարտարապետությունը:
Թուրք ճարտարապետը նախագահի նստավայրի շենքն ապօրինի շինություն է համարում այն հիմնավորմամբ, որ այն կառուցվել է Աթաթուրքի անվան անտառաշերտն այդ նպատակով վերացված վայրում, ինչի վերաբերյալ Սահմանադրական դատարանում բացված դատական գործը դեռեւս ավարտված չէ:
Ուշագրավ է, որ Թուրքիայի նախագահի նոր նստավայրի շուրջ անդրադարձներ է հրապարակում նաեւ միջազգային մամուլը: Բրիտանական ԶԼՄ-ները Թուրքիայի նախագահական նոր նստավայրը համարել են Էրդողանի անսահմանափակ իշխանության' սուլթանության խորհրդանիշ:
Բրիտանական Independent պարբերականը «Ռեջեփ Թայիփ Էրդողան. Նոր «սուլթանը» նոր պալատ ունի, որը թուրք հարկատուներին արժեցել է 400 մլն ֆունտ սթեռլինգ» վերնագրով հոդված է հրապարակել: Պարբերականը նշում է, որ նստավայրը կառուցվել է մի տարածքի վրա, որը բնության արգելոց է եղել, ինչի պատճառով նոր պալատի կառուցումն առաջացրել է բնապահպանների զայրույթը:
Որոշ միջազգային ԶԼՄ-ներ նշել են, որ Էրդողանի կառուցած պալատը կրկնում է իր նախնիների' մոնղոլ-սելջուկյան շինությունների ոճը: Թուրքական ԶԼՄ-ներն էլ գրել են, որ նախագահական նոր նստավայրի համար ծախսված փողով Թուրքիայում կարելի էր 137 միջնակարգ դպրոց կառուցել, ինչի խիստ կարիքն ունի հասարակությունը: