«Հարավային Կովկասի տարածաշրջանը զգայուն շրջան է ապրել: Մենք ուշադիր հետեւում ենք գործընթացներին»:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «ԹուրԱզ Շահինի -2021» մարտավարական-թռիչքային համատեղ վարժանքների ժամանակ ունեցած ելույթում, փոխանցում է ԱՊԱ-ն:

Նա նշել է, թե իբր Թուրքիան «հարգում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»:

«Որևէ մեկի տարածքը որևէ կերպ բռնակցելու մեր մտադրությունը երբեք չի կարող քննարկման առարկա դառնալ: Բայց, մյուս կողմից, մենք ոչ մի կերպ թույլ չենք տա ոտնահարել մեր կամ մեր ընկերների և եղբայրների իրավունքները ցամաքում, ծովում և օդում»,- ասել է նա:

Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունները վախեցնում են թշնամիներին, ոգեշնչում ընկերներին և եղբայրներին:

«Մենք Ադրբեջանի դեմ սպառնալիքները դիտարկում ենք որպես սպառնալիք մեր հասցեին», - ասել է Հ.Աքարը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս իր հարցազրույցներում տարածքային պահանջները է ներկայացրել Հայաստանին' մասնավորապես' Սյունիքը, Սևանը և Երևանն անվանելով «պատմական ադրբեջանական հողեր»: