Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ձգտում է միջազգային ճանաչման, և այդ թիրախը ոչ միայն Ղարաբաղինն է, այլ նաև Հայաստանի իշխանություններինը: Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիրախում միջազգային ճանաչման հասնելն է, և դա նաև թիրախ է Հայաստանի իշխանությունների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ղուլյանը:
Անդրադառնալով հարցին, թե ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պարբերաբար բարձրացնում են Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցը, Ղուլյանն ընդգծեց, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ԼՂՀ-ում արտագնա նիստ է անցկացրել, որի ժամանակ իրենք այդ հարցին անդրադարձել են: «Ղարաբաղում ոչ մեկ չի կարող ասել, որ մենք դեմ ենք ճանաչմանը, այլ հարց է, թե այդ ճանաչումը որտեղից է սկսվում և որտեղ ավարտվում: Տեսակետներ կան, որ ճանաչումը պետք է սկսվի հենց Հայաստանից, կան նաև տեսակետներ, որ բոլոր պետությունները պետք է ճանաչեն, ինչից հետո միայն դա կանի Հայաստանը: Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացն արդեն սկսվել է, և մենք պետք է շարունակենք այդ գործընթացը: Ամեն դեպքում, մեզ համար անընդունելի է այն տարբերակը, որ ներկայումս փորձում են Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցը մտցնել Հայաստանի խորհրդարանի օրակարգ: Մեզ համար ընդունելի կլինի, երբ այդ հարցը կմտնի խորհրդարանի օրակարգ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում, երբ հարցին կողմ կքվեարկեն բոլոր 131 պատգամավորները»,- ընդգծեց Ղուլյանը:
Դիտարկմանը, թե «Ժառանգության» պատգամավորներին մտահոգում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, ինչը կարող է վտանգավոր լինել ԼՂՀ անվտանգության համար, Ղուլյանը պատասխանեց, որ այդ հարցում տարբեր տեսակետներ կան: «Հիմա մենք ունենք այն, որ Հայաստանը կայացրել է որոշում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին, սակայն դրանից հետո իրավիճակը չի փոխվել, և կարծում եմ, որ չի էլ փոխվելու»,- ասաց նա: