Հայաստանի իշխանությունների նպատակն է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ անցկացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան քարոզչություն և միջազգային ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան քվեարկություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեր խնդիրն է նաև ժողովրդի հետ հանդիպումների արդյունքում ներկայացնել սահմանադրական փոփոխությունների առավելությունները: Ինչպես մեր «ոչ»-ի կողմնակից գործընկերները կներկայացնեն առաջարկվող փոփոխությունների թերությունները, այնպես էլ մենք կներկայացնենք առավելությունները»,- նշեց Շարմազանովը:

 

ԱԺ փոխնանախագահը հստակեցրեց, որ ամեն ինչ որոշելու է ՀՀ քաղաքացին՝ դեկտեմբերի 6-ին մասնակցելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: «Մենք ամեն գնով սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու խնդիր չունենք: Ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կլինի: Որևէ մեկը բռնանալու իրավունք չունի»,- եզրափակեց Շարմազանովը: