Պետական ու քաղաքական նշանավոր գործիչ Վլադիմիր Մովսիսյանի ծանրակշիռ ավանդը Հայաստան աշխարհի տնտեսության, մշակույթի զարգացման ու շենացման գործում անուրանալի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

 

«Հայ ժողովուրդը անդառնալի կորուստ կրեց: Նոյեմբերի 5-ին ծանր հիվանդությունից հետո վախճանվեց պետական ու քաղաքական նշանավոր գործիչ Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը: Կյանքից հեռացավ մի մարդ, որի հարուստ կենսագրությունը հայրենիքին ու ազգին անսահման նվիրվածության ու անմնացորդ ծառայության վառ օրինակ է:

 

Վլադիմիր Մովսիսյանը ծնվել է 1933թ. նոյեմբերի 12-ին Սպիտակի շրջանի Շենավան գյուղում: Աշխատանքային գործունեությունը սկսել է տակավին դպրոցական տարիներին հայրենի գյուղի կոլտնտեսությունում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նշանակվել է գյուղական ակումբի վարիչ:

 

1958թ. գերազանցությամբ ավարտելով Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը' անցնում է աշխատանքի ըստ մասնագիտության: Եղել է Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ու անասնաբուժության գիտահետազոտական ինստիտուտի Լոռու փորձարարական բազայի կրտսեր գիտաշխատող, Կալինինոյի շրջանային գյուղատնտեսական տեսչության, այնուհետև Կալինինոյի փորձարարական ցուցադրական տնտեսության գլխավոր զոոտեխնիկ:

 

1963-65թթ. աշխատել է Ստեփանավանի շրջանի գյուղատնտեսական արտադրական վարչության գլխավոր զ ոոտեխնիկ, 1965-67թթ.՝ Կալինինոյի շրջանի գյուղատնտեսական արտադրական վարչության պետ: Այս ժամանակահատվածում են դրվում Վլադիմիր Մովսիսյանի բարձր արհեստավարժության, հողագործ մարդու ու հողի հոգսն ու լեզուն հասկանալու հմտության, գյուղատնտեսության արտադրության գաղտնիքներին տիրապետելու, հայրենի եզերքի ամեն թուփ ու թումբ ճանաչելու ամուր հիմքերը:

 

 

1967թ., գերազանցությամբ ավարտելով ԽՄԿԿ կենտկոմին առընթեր կուսակցական բարձրագույն դպրոցը' Վլադիմիր Մովսիսյանը տեղափոխվում է կուսակցական աշխատանքի ու նշանակվում է ՀԿԿ Արտաշատի շրջկոմի քարտուղար: 1973-74թթ. եղել է ՀԿԿ կենտկոմի գյուղատնտեսական բաժնի վարիչի տեղակալ: 1974-75թթ. ընտրվել է ՀԿԿ Ստեփանավանի շրջկոմի առաջին քարտուղար, իսկ 1975-78թթ. պաշտոնավարել է ՀԿԿ կենտկոմի գյուղատնտեսական բաժնի վարիչ:

 

 

1978թ. Վլադիմիր Մովսիսյանը դառնում է Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1988 թվականից միաժամանակ գլխավորելով հանրապետության կառավարության նախագահության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով հանձնաժողովը: 1984-90թթ. նա եղել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, միաժամանակ 1985-90թթ.՝ ՀԽՍՀ Պետական ագրոարդյունաբերական կոմիտեի (Պետագրոարդի) նախագահ:

 

Այս տարիներին Հայաստանը դարձավ զարգացած գյուղատնտեսության երկիր, աննախադեպ վերելք ապրեց հանրապե տության բուսաբուծությունն, անասնապահությունն ու թռչնաբուծությունը, գյուղատնտեսական մթերքի վերամշակող արդյունաբերությունը:

 

 

Երբ սումգայիթյան ողբերգությունից հետո սկսվեց հայության գաղթը, Վլադիրմիր Մովսիսյանին վստահվեց ղեկավարել կառավարության նախագահությանն առընթեր փախստականների հարցերով հանձնաժողովը: Այս պատասխանատու պաշտոնում դրսևորվեցին նրա կազմակերպչական բացառիկ ընդունակություններն ու մարդկային ամենաառաքինի հատկանիշները, երբ հարկավոր էր դիմավորել, ընդունել և լսել յուրաքանչյուր տուժածին, անհապաղ լուծում տալ փախստականների բնակարանի, սննդի, աշխատանքի և այլ հարցերի:

 

 

1990թ. ապրիլին Վլադիմիր Մովսիսյանն ընտրվում է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, հանրապետության ղեկավարի այդ պաշտոնը վարելով մինչև նույն թվականի նոյեմբերը, համաժողովրդական շարժման ամենաբուռն ու ամենաճակատագրական շրջանում: 1990թ. հուլիսից դեկտեմբերը եղել է ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ:

 

Այդ շրջանում նա անզիջում պայքար է մղում Հայաստանի ու արցախահայության շահերը պաշտպանելու, նրանց արդար պահանջներն իրականացնելու նպատակով: Վլադիմիր Մովսիսյանի ու նրա զինակիցների շրջահայացությունն ու իմաստնությունը թույլ տվեցին մեր հանրապետությունը զերծ պահել ողբերգական ցնցումներից ու ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների հետ ծանր հետևանքներով հղի առճակատումներից:

 

Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից տված հրաժարականից հետո Վլադիմիր Մովսիսյանը նշանակվում է ԽՍՀՄ գյուղատնտեսության ու պարենի փոխնախարար, ուր աշխատում է մինչև 1991թ.:

 

1991թ. նրա հարուստ կենսափորձն ու ղեկավարի հմտությունը զորակոչվում են ծառայելու Հայաստանի նորանկախ Հանրապետությանը. Վլադիմիր Մովսիսյանը վարում է Հայաստանի փախստականների հարցերով պետական վարչության պետի, կառավարության անդամի պարտականությունները: 1995-96թթ. եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ, միաժամանակ ղեկավարելով ՄԱԿ-ի կողմից Երևանում ստեղծված ժողովրդավարության ու մարդու իրավունքների կենտրոնը:

 

1996թ. մի քանի ամիս աշխատել է Գեղարքունիքի մարզպետ, այնուհետև նշանակվել ՀՀ գյուղատնտեսության նախարար:

 

1999-2004թթ. եղել է Հայաստանի վարչապետի խորհրդական, իսկ 2004 թվականից դարձել Անտառների վերականգնման ու զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը: 2008 թվականից համակարգել է ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերով հանձնաժողովի աշխատանքները: 2009 թվականից եղել է Հանրային խորհրդի հիմնադիր կազմի անդամ:

 

Վլադիմիր Մովսիսյանը 1974-90թթ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, 1990-91 թթ. ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Զբաղվել է գիտական գործունեությամբ, պաշտպանել գյուղատնտեսական գիտությունների դոկտորի ատենախոսություն, ընտրվել Հայաստանի գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ:

 

Վլադիմիր Մովսիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու Պատվո շքանշաններով, ԽՍՀՄ մի շարք պետական պարգևներով, ինչպես նաև արժանացել Հայաստանյան առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բարձրագույն շքանշանի: 2001թ. նրան շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

 

Անուրանալի է Վլադիմիր Մովսիսյանի ծանրակշիռ ավանդը Հայաստան աշխարհի տնտեսության, մշակույթի զարգացման ու շենացման գործում: Նա իրավամբ վայելել է մեր ժողովրդի ամենատարբեր խավերի անկեղծ հարգանքն ու սերը, ունեցել մեծ հեղինակություն հանրապետությունից դուրս:

 

Անչափ խորն ու համապարփակ էին նրա գիտելիքները հայրենիքի աշխարհագրության, տնտեսության, մշակույթի ու արվեստի բնագավառում:Անսահման էր նրա սերն ու նվիրվածությունը Հայրենիքին ու հարազատ ժողովրդին: Մտավորական, հայրենասեր, քաղաքացի, մարդ. այդպիսին նա կմնա մեր հիշողության մեջ»: