Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների «Գևորգ Զ Չորեքչյան» կենտրոնում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել հանդիպում Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի ատենապետ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական պարոն Մաջիդ Մեշքիի միջև:

 

Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի անդամ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում քննարկվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և ԻԻՀ Ղոմ քաղաքի կրոնագիտական կենտրոնի միջազգային հարաբերությունների վարչության համատեղ ջանքերով Մայր Աթոռում 2015թ. անցկացվելիք «Կրոնները հանուն խաղաղության և համերաշխության, հոգ ևոր առաջնորդների դերը տարածաշրջանի խաղաղության գործում» խորագրով կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքները:

 

Անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Զրուցակիցները խստորեն դատապարտել են կրոնական ծայրահեղության որևէ դրսևորում' այն համոզմամբ, որ որտեղ կա հավատն առ Աստված, այնտեղ պետք է լինի սեր և համերաշխություն: