ԱՄՆ Մեյն նահանգի Քամդեն քաղաքի հանրային գրադարանում նկարչուհի Սինթիա Մոթյան ՄքԳուիրլը կանցկացնի «Հայաստան. Հիշողություն» խորագրով պատկերներով ուղեկցվող զրույց, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Courier-Gazette & Camden Herald‎ պարբերականը, նկարչուհին զրույցի ընթացքում կներկայացնի թեմային նվիրված իր աշխատանքները, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը վերապրած իր հայ նախնիների լուսանկարները:

 

Սինթիա Մոթյան ՄքԳուիրլի աշխատանքները պատկերում են երազների միջոցով ճանապարհորդությունը դեպի իր նախնիների ընտանեկան պատմությունը, նրանց կորսված հայրենիքը և Հայոց ցեղասպանության օրերին տեղի ունեցած իրադարձությունները:

 

Միջոցառման ժամանակ ներկաներին սկզբից հակիրճ կներկայացվեն Հայոց ցեղասպանության իրադարձությունները, և քանի որ միջոցառումը կայանալու է տեղի հանրային գրադարանում, ներկաները հնարավորություն կունենան նաև ծանոթանալ գրականությանը, որն ավելի մանրամասն կպատմի Օսմանյան կայսրությունում և երիտթուրքերի կողմից իրականացված ոճրագործությունների մասին:

 

ՄքԳուիրլի աշխատանքները հիմնականում արված են պղնձի և ցինկի թերթերի կիրառմամբ, ինչը պատկերին տալիս է խորհրդավորություն: Դրանց միջոցով նկարչուհին փորձում է փոխանցել այն, ինչը հնարավոր չէ փոխանցել բառերով: