Գյումրիում առաջին անգամ նոյեմբերի 8-ին մեկնարկեց InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումը, որի շրջանակներում երկու օրերի ընթացքում կիրականացվեն տեխնոլոգիական՝ «ՀեքթոնՅԱՆ Գյումրի 2014» և «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթները:

 

 

Այս երկու օրերի ընթացքում կանցկացվեն նաև ArmenianFTW տեխնոլոգիական ձեռնարկություններին առնչվող սեմինարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպության ղեկավար Սեդա Մուրադյանը միջոցառման նպատակն է ոգեշնչել ՏՏ մասնագետներին և երիտասարդ ձեռներեցներին զարգացնել ստեղծարար միտքը, բացահայտել նորարար գաղափարները և ինչպես նաև համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել սկսնակ երիտասարդ ձեռներեցների, ոլորտի փորձագետների և ներդրողների միջև:

 

 

ՀեքթոնՅԱՆ Գյումրի 2014-ի նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման փառատոն, որտեղ թիմերը կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող լուծման տարբերակները: Ակնկալվում է, որ մրցույթին կներկայացվի շուրջ 60 նախագիծ:

 

 

ArmenianFTW ձեռներեցության ֆորումն իր մեջ ներառում է սեմինարների շարք, որոնք անցկացնում են ամերիկյան, բրիտանական, գերմանական, բուլղարական և ուկրանինական վենչուրային հիմնադրամների ներկայացուցիները և ներդրողները: Այս միջոցառման շրջանակներում կներկայացվեն ավելի քան 15 սթարթափ նախագծեր, որոնք հնարավորություն կունենան հաջողության դեպքում ներգրավվել ներդրումներ սկզբնական փուլի համար:

 

 

Իսկ «Հայաստան-Թուրքիա Սթարթափ ուիքենդ» մրցույթի մասնակից երիտասարդ ձեռներեցների խմբերը կաշխատեն համատեղ գաղափարների շուրջ: Լավագույ ն 10 գաղափար նոյեմբերի 9-ին կներկայացվի ժյուրիի դատին: Այս ընթացքում բոլոր մասնակիցները հնարավություն ունեն հաղորդակցվելու և կապեր ստեղծելու տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտների ակնառու ներկայացուցիչների հետ:

 

 

InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումի կազմակերպիչներն են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը:InnoWeekEnd 2014 նորարարության տարածաշրջանային ֆորումն ունի բազմաթիվ համակազմակերպիչներ այդ թվում ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը,Մայքրոսոֆթ Արէյ ընկերությունը, Գյումրու տեխնոլոգիակն կենտրոնը և այլն:

 

Ֆորումը կամփոփվի նոյեմբերի 9-ին՝ հանդիսավոր արարողությամբ և մրցանակաբաշխությամբ:

 

Արմենուհի Մխոյան