Այսօր հրապարակ դուրս եկան բոլոր այն հակասությունները, որոնք նկատելի էին փորձագիտական շրջանակների, մամուլի կողմից, սակայն խնամքով թաքցվում էին Եռյակում:
Եռյակում կենտորախուս տրամադրությունները զարգացան մեր իրականության համար կայծակնային արագությամբ:
Շարժման «Ճնապարհային քարտեզը» ներկայացվեց ոչ թե Եռյակի ձևաչափի, այլ՝ ԲՀԿ Քաղխորհրդի կողմից:
Բոլորը հասկացան, որ հետագա գործընթացները ղեկավարելու են ոչ թե Եռյակը, նույնիսկ ԲՀԿ-ն, այլ՝ Գագիկ Ծառուկյանը: Միանձնյա կամ ստվերային հովանավորների հետ միասին: ԻսկԵռյակի մյուս երկու կուսակցություններին, ըստ էության, առաջարկվում է տարալուծվել ԲՀԿ-ի մեջ՝ միասնական շտաբների ձևաչափով
ՀԱԿ-ում ու «Ժառանգությունում» այս մեսիջն իսկույն հասկացան: Անկեղծ ասած. այս կուսակցությունների դիրքորոշումներն ոչինչ չեն փոխելու՝ բովանդակային առումով: Գագիկ Ծառուկյանը հասկացրեց, որ ինքն է վճարում, ինքն էլ պատվիրելու է:
ՀԱԿ-ը այսօր վերջին ճիգն է գործադրել՝ Եռյակում իր դեմքը փրկելու, որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք ունենալու համար:
«…Ակտիվ քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգումը կարող է դառնալ ճակատագրական սխալ, քանի որ վարչախումբն այդ ժամանակամիջոցը կարող է օգտագործել սեփական ճամբարն առավելագույնս մոբիլիզացնելու եւ Համաժողովրդական շարժման ներսում պառակտումներ առաջացնելու համար… Նկատի ունենալով նշված հանգամանքները, Հայ Ազգային Կոնգրեսը հույժ անհրաժեշտ է համարում, Համաժողովրդական շարժման տարածքային գրասենյակների ձեւավորմանը զուգընթաց, որեւէ կերպ չթուլացնել, այլ ընդհակառակը, ավելի թեժացնել ու շարունակական դարձնել Ազատության հրապարակում սկիզբ առած լուրջ քաղաքական գործընթացը»- մասնավորապես կարդում ենք Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների հայտարարության մեջ:
Ուշադրություն դարձրեք, Գագիկ Ծառուկյանին սպասարկող քարոզչամեքենան ԲՀԿ Քաղխորհրդի նիստը ներկայացնում է որպես «իշխանափոխությանը հասնելու կարևոր հանգրվան», ՀԱԿ-ը դա համարում է «քաղաքական գործողությունների անորոշ ժամանակով հետաձգում»: Այլ խոսքով, ՀԱԿ-ը հասարակությանը մատուցում է, որ արագ իշխանափոխությունը տեղի չի ունենում հենց Ծառուկյանի պատճառով:
Չկարծեք, թե առաջին նախագահի շրջապատում տոգորվում են ժողովրդի դարդ ու ցավով կամ ժողովրդավարության մունետիկներ են:
Ամենևին:
Եթե ԲՀԿ-ի համար հանրահավաքը ուժի ցուցադրության, ապա ՀԱԿ-ի համար՝ ԲՀԿ-ին իր «դաշտում» պահելու, վերահսկելի դարձնելու միջոց է:
ՀԱԿ-ն ուղղակի հակադրվում է միանձնյա որոշումներ կայացնելու Գագիկ Ծառուկյանի հավակնություններին, մանավանդ, որ ԲՀԿ-ի առաջարկած «Ճանապարհային քարտեզը» գործընթացները տանում է երկուսակցական համակարգի ստեղծման ուղղությամբ՝ որպես 2017-2018թթ-ի ընտրական ցիկլի ու իշխանություն-ԲՀԿ հնարավոր համաձայնությունների դրսևորում:
Լևոնը վախենում է դառնալ ԲՀԿ-իշխանություն հնարավոր գործարքի քաղաքական զոհը ու այս մտավախությունը հիմքեր ունի, մանավանդ, որ այդպես էլ, ըստ էության, չհերքվեց Սերժ Սարգսյան- Գագիկ Ծառուկյան հանդիպման փաստը:
Կանխատեսելի է, թե ինչպես ԲՀԿ-ն կարձագանքի ՀԱԿ հայտարարությանը:
Դրանից հետո՝ Տեր- Պետրոսյանի թիմի առաջ կանգնելու է համլետյան երկընտրանքի առաջ. կապիտուլացվել կամ լքել Եռյակը…
Սուրեն Սուրենյանց