Համացանցում տեսանյութ է հայտնվել, որով ապացուցվում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման կազմում ադրբեջանցիների եւ թուրքերի համատեղ գործելու մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութը Իրաքի Ֆալուջայի տարածաշրջանում ադրբեջանցի եւ թուրք ԻԼԻՊ-ականների' միասին ընթրելու մասին է: Տեսանյութը նկարահանել եւ համացանցում տեղադրել է ադրբեջանցի մի երիտասարդ: Տեսանյութում Աբու Հաթաբ անունով ադրբեջանցին ասում է. «Այսօր մեր ընկերոջն ամուսնացրեցինք: Մեզնից ով էլ հայտնվում է շուկայում, այնտեղից ամուսնացած է վերադառնում»:
Ենթադրվում է, որ խոսքը ԻԼԻՊ-ի կողմից առեւանգված եւ գերեվարված հազարավոր եզդի կանանց առեւտրի շուկայի մասին, որտեղ իսլամիստները նրանց վաճառում են 40-60 դոլարով:
Տեսանյութի վերջում ադրբեջանցի Աբու Հաթաբը սպառնում է Ադրբեջանի «անհավատ» մահմեդականներին, եւ կրկին կոչ անում նրանց միանալ իրենց «սուբ գործին»:
Սիրիայում կառավարական ուժերի դեմ իսլամիստական խմբավորումների մարտերում 2014 թ. ընթացքում սպանված Ադրբեջանի քաղաքացի մոջահեդների թիվն անցնում է 100-ից: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հաստատել է ադրբեջանցի մոջահեդների' Թուրքիայով Սիրիա եւ Իրաք անցնելու փաստը:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայում եւ Իրաքում ԻԼԻՊ-ի շարքերում կռվում են մեծ թվով Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 200-ից ավելի ադրբեջանցիներ: 2013 թ. մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսադիմումով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ' հանուն հավատի) անել Սիրիայում: