ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ակտիվորեն մասնակցել են Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բոլոր նիստերին: Նոյեմբերի 10-ին ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վեհաժողովում հայաստանյան պատվիրակության գործունեության մանրամասները ներկայացրեցին պատգամավորները:

 

«Նոյեմբերի 4-6-ը կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակում տեղի են ունեցել չորս հանձնաժողովների նիստեր, որոնց ակտիվորեն մասնակցել են ՀՀ պատվիրակները: Առաջինը Քաղաքական հարցերի, ժողովրդավարության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստն էր, որտեղ քննարկվում էր 2014-2020թթ. եվրոպական հարևանության գործիքներն ու դրանց կիրառումը Արևելյան գործընկերության անդամ երկրներում: Հաջորդը Տնտեսական հարցերի և ԵՄ մոտարկման քաղաքականության մշտական հանձնաժողովի նիստն էր, որի ժամանակ քննարկվում էր Արևելյան գործընկերության անդամ հանրապետություններում կոմունիկացիոն խնդիրներին վերաբերող զեկույցի նախագիծ: Էներգետիկ անվտանգության հանձնաժողովում նորացվող էլեկտրաէներգիայի և դրա հնարավորությունների վերաբերյալ զեկույցն էր քննարկվում: Սոցիալական, կրթության, գիտության, մշակույթի հարցերին առնչվող մշտական հանձնաժողովում էլ միջմշակութային երկխոսությանն առնչվող խնդիրներ էին քննարկվում»,-ասաց «Եվրանեսթում» ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

 

Նրա խոսքով' բացի հանձնաժողովների նիստերին մասնակցելուց ՀՀ պատվիրակները նաև հետևել են ադրբեջանական պատվիրակության գործողություններին, որոնք ամեն կերպ փորձել են խաթարել ու նոր խոչընդոտներ ստեղծել Հայաստանի պատվիրակության համար' հաշվի առնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: «Սակայն եվրոպական խորհրդարանի պատվիրակներն ադրբեջանցիներին խորհուրդ տվեցին չբեռնել «Եվրանեսթի» օրակարգն այնպիսի խնդիրներով, որոնք դուրս են այդ կառույցի առաջնահերթություններից, և չխոչընդոտել աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայտնեց Արտակ Զաքարյանը:

 

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հավելեց, որ քննարկվող հարցերը քաղաքականացնելու ու դրանց մեջ փոփոխություններ մտցնելու ադրբեջանական պատվիրակության որևէ փորձ հաջողությամբ չի պսակվել: «Շատ կարևոր է նաև այն, որ մեր կոլեգաներից (Եվրախորհրդարանի պատվիրակներից) շատերը փոխվել էին, մենք ծանոթացանք նրանց հետ, կապեր հաստատեցինք և ծանոթացրեցինք մեր տեսակետներին»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

 

Պատվիրակության մյուս անդամը' պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորեց այն զրույցները, որոնք ունեցել են նիստերից դուրս աշխատանքային ճաշերի ժամանակ: «Մեր նոր գործընկերներին ավելի ջերմ մթնոլորտում ներկայացրեցինք մեր խնդիրները: Բացի այդ' հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում, և մեր բոլոր եվրոպական գործընկերների կողմից հետաքրքրություն կա այցելել Հայաստան»,- հայտնեց պատգամավորը: