Կրթության և գիտության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրության կենթարկի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) շուրջ առաջացած միջադեպը:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանի տարածած հայտարարությունից: ՀՊՃՀ տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանը բաց նամակով դիմել է Արմեն Աշոտյանին' ներկայացնելով Պոլիտեխնիկի միջադեպի իր մանրամասներն ու բարձրաձայնել մի շարք խնդիրների մասին:

 

«Ի պատասխան ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված Վլադիմիր Խոեցյանի բաց նամակի՝ տեղեկացնում եմ, որ նախարար Արմեն Աշոտյանն իր հրապարակային ելույթներում բազմիցս անդրադարձել է վերջին շրջանում ՀՊՃՀ-ի շուրջ ստեղծված բացասական տեղեկատվական հոսքին և այդ կապակցությամբ հայտնել է իր մտահոգությունը' ընդգծելով, որ ձևավորված մթնոլորտը չի նպաստում բուհի առաքելության իրականացմանը և չի կարող դրականորեն ազդել բուհի վարկանիշի վրա:

 

Ինչ վերաբերում է բաց նամակում Խոյեցյանի մատնանշած խնդիրներին, ապա նշեմ, որ նախարարի հանձնարարությամբ, ԿԳՆ-ի լիազորությունների շրջանակում, այն համապատասխան ուսումնասիրության կենթարկվի»,- ասված է Զոհրապ Եգանյանի տարածած հաղորդագրության մեջ: