«Մասնագիտորեն և իրավական տեսանկյունից ավելի ճիշտ է, որ վավերացվում է, հետո սկսում ենք հաշվի առնել»,- այսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՏՄ-ի անդամակցության ռիսկերը հաշվի չեն առնվել բյուջեում, սակայն իշխանություններն ասում էին, որ անդամակցությունն անկասկած լինելու է:
Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ինքը չի կարծում, թե բյուջեում ռիսկեր կարող են առաջանալ, երբ անդամակցենք ԵՏՄ-ին, քանի որ, ընդհանուր առմամբ, հենց բյուջեին վերաբերող հարցերում ռիսկերը հաշվի են առնված:
Դիտարկմանը, որ ՌԴ-ի տնտեսությունն ամեն դեպքում ճգնաժամի մեջ է, նախարարն արձագանքեց. «Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա նրանք որոշ ճյուղերում ունեն թեթև, բայց աճ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ տարվա վերջին կարվի հաշվարկ, թե որքան ԵՏՄ-ն կազդի ՀՀ-ի ՀՆԱ-ի վրա:
«Եթե նկատել եք՝ երեկվա դրությամբ ռուբլու որոշակի կայունացում կար, այսինքն՝ այնուամենայնիվ, Ռուսաստանն ինչ-որ քայլեր է անում դրական արդյունքների համար: Որոշակի կայունացում եղավ նաև նավթերի գների մեջ երեկ ու առաջին օրը, և սա իր ազդեցությունն ունենում է: Մենք պետք է հուսանք, որ իրավիճակը կկայունանա, որպեսզի մեր արտահանողները կարողանան իրենց դաշտն ապահովել: Ամեն դեպքում, մեր արդյունաբերողների առումով ամենայն աջակցություն ցուցաբերվում է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե կարող է ռուբլու արժեզրկումն ազդեցություն ունենալ ՀՀ-ի բյուջեի վրա, նա պատասխանեց. «Եթե ուշադրություն դարձնեք, տրանսֆերների աճը կազմել է 0.4%, եթե ռուբլու արժեզրկումը չլիներ, դա կլիներ երևի 8-9%-ներին մոտ: Նաև պետք է հաշվի առնենք, թե որ ոլորտներում են աշխատում մեր հայրենակիցները: Շինարարությունը մի քիչ անկում ունի, իսկ մանրածախ առևտրի ոլորտը մի քիչ աճում է, այնպես չէ, որ այդ պատժամիջոցների արդյունքում միանգամից այնպիսի ցուցանիշներ են լինում, որ հենց մեր հայրենակիցների վրա անմիջապես ազդում է: Նաև կախված է մյուս տարվա բյուջեում ՌԴ-ն ինչ գործիքներ է նախատեսում»: