Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը կքննարկի պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև 2017թ. հոկտեմբերի 5-ին գրանցված միջադեպը քննելու վերաբերյալ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:
Միջադեպը քննելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար։
Հանձնաժողովն իրավասու է քննել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը 2017 հոկտեմբերի 5-ին ԱԺ միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա։
Հանձնաժողովն ունի 11 անդամ, որոնցից վեցին նշանակում է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, երեքին՝ «Ծառուկյան» խմբակցությունը եւ մեկական՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Ելք» խմբակցությունները:
Հանձնաժողովը կազմավորված է համարվում նրա անդամների կեսից ավելիի նշանակման եւ Հանձնաժողովի կազմն Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվելու օրը:
2017թ. հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Արտաշես Գեղամյանը իր հերթին հերքել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: