168.am Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով մասնակցում էին նաև ռուսաստանցի մասնագետներ: Նշենք, որ քննարկումը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Վերլուծական ասոցիացիայի զեկույցին' «ՀԱՊԿ-ն և Եվրասիայի անվտանգությունը» խորագրով:

 

Քննարկման մասնակիցները բավական երկար ներկայացնում էին իրենց թեզերը և դատողությունները ՀԱՊԿ անդամ և ոչ անդամ պետություններին սպառնացող ռազմական, տնտեսական և հումանիտար հնարավոր վտանգների մասին: Հատկապես շեշտը դրվում էր գլոբալ աշխարհաքաղաքական խնդիրների, օրինակ, Մերձավոր Արևելքում, մասնավորապես' Սիրիայի իրավիճակի և միջինասիական կամ կենտրոնասիական տարածաշրջանների իրադրության վրա:

 

Մասնավորապես, քաղաքագետ Անդրեյ Կազանցևը խոսեց այն մասին, թե ինչ հնարավոր վտանգներ կարող են սպառնալ ՀԱՊԿ անդամ պետություններին' 2014 թ. Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման դեպքում, և հատկապես ընգծեց Աֆղանստանից թմրանյութերի հսկայական քանակության անօրինական տեղափոխության փաստը: Կասպիական համագործակցության ինստիտուտի գլխավոր տնօրեն, նույնպես քաղաքագետ Սերգեյ Միխեևն էլ ընգծեց ինֆորմացիոն-քարոզչական ճակատում գործողությունների անցկացման կարևորությունը:

 

Նա նշեց, որ ժամանակակից աշխարհում պատերազմին պատրաստվում են առաջին հերթին ինֆորմացիոն-քարոզչական դաշտում, և առաջին հերթին պետք է գործել այդ ճակատում ու չսպասել, որպեսզի հարցը հասնի ռազմական գործողության իրականացմանը: Իսկ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը, ով տվյալ զեկույցի բաժիններից մեկում անդրադարձել է հարցի հատկապես արժեհամարակգային կողմին, իր հերթին նշեց, թե, իր խորին համոզմամբ, ժամանակակից աշխարհում ուժային կենտրոնները միմյանց դեմ պայքարում են ոչ թե հանուն նյութական ռեսուրսների, այլ «մարդկանց հոգիներին տիրանալու համար»:

 

«Երբ խոսում ենք արժեքների հակամարտության մասին, խոսքը ոչ այնքան քաղաքակրթությունների միջև պայքարի մասին է (օրինակ' իսլամական և քրիստոնեական աշխարհների միջև, ինչպես ներկայացվում է) այլ, իմ կարծիքով, պայքար է գնում, մի կողմից, համամարդկային բազմամշակութային քաղաքակրթության և, մյուս կողմից, գլոբալ ծայրահեղականության միջև: Եվ այդ գլոբալ ծայրահեղականությունը չունի ո´չ ազգություն, ո´չ կրոն, ո´չ էլ աշխարհագրություն, և միաժամանակ այդ գլոբալ ծայրահեղականությունը ներկայացված չէ որևէ ահաբեկչական կազմակերպության տեսքով, ինչպիսին, ասենք, ալ-Կաիդան է: Սա շատ կուռ օրգանիզմ է, որը աջակցություն է ստանում ոչ միայն արևելյան էմիրությունների կամ թագավորությունների, այլև արևմտյան գերտերությունների կողմից»,- նշեց Գագիկ Հարությունյանը:

 

Հայ լրագրողներից մեկը նկատեց, թե ՀԱՊԿ-ի զեկույցներում անընդհատ լսում ենք Աֆղանստանից կամ ՆԱՏՕ-ից եկող ինչ-որ վտանգների մասին, բայց որևէ մեկը չի խոսում այն մասին, որ նույն ՀԱՊԿ-ի անդամներից մեկին' Հայաստանին անընդհատ պատերազմով է սպառնում նրա հարևանը' Ադրբեջանը: Նա հիշեցրեց սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական ռազմատենչ հայտարարությունը Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների վերաբերյալ: «Ինչո՞ւ է ՀԱՊԿ-ն շրջանցում այս փաստը, և որևէ զեկույցում մենք չենք լսում որևէ վտանգի մասին, որը հնչում է ՀԱՊԿ-ի անդամ պետություններից մեկի հասցեին: Այնուամենայնիվ, եկեք չմոռանանք, որ ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական կազմակերպություն է, ոչ թե տնտեսական կամ հումանիտար»,- ասաց լրագրողը:

 

Հարցին ռուսաստանցի գործընկերները, բնականաբար, տվեցին գլխավորապես դիվանագիտական ու խուսափողական պատասխաններ: Մասնավորապես, ՀԱՊԿ-ի Վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պանարինը նախ ասաց, թե համաձայն չէ այդ մոտեցման հետ, և մեջբերեց զեկույցից մի թեզ, որի երկրորդ կետում նշված է այլ պետությունների կամ դաշինքների կողմից ռազմական միջամտության կամ վտանգների դեպքում համապատասխան արձագանքի մասին:

 

«Կարծում եմ' ՀԱՊԿ-ի շրջնանակներում անվտանգության հարցերը, որոնք վերաբերում են ոչ միայն ռազմական, այլև հոգևոր ինքնիշխանությանը, լուծվում են բավական հավասարակշռված կերպով»,- ասաց Պանարինը: «Խելամիտ ինտերնետ» հիմնադրամի գլխավոր տնօրեն, լրագրող Վլադիմիր Մամոնտովն էլ մեղքը գցեց եվրոպացիների վրա' նշելով, թե Եվրոպայում նույնպես խուսափում են ղարաբաղյան հարցին անդրադառնալուց:

 

Իսկ Սերգեյ Միխեևը խորհուրդ տվեց հարցին նայել ֆորմալ տեսանկյունից: «Լեռնային Ղարաբաղն իրեն ներկայացնում է որպես անկախ պետություն, որը Հայաստանի մաս չի կազմում: Լեռնային Ղարաբաղը չի հանդիսանում ՀԱՊԿ-ի անդամ, ուստի ՀԱՊԿ-ի կանոնադրությունը չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, անշուշտ, ՀԱՊԿ-ի կանոնադրության բոլոր կետերը տարածվում են Հայաստանի վրա, և Հայաստանին ռազմական հարված հասցնելու դեպքում այդ նորմերը կմտնեն ուժի մեջ»,- ասաց Միխեևը: Սրան ի պատասխան' հայաստանցի լրագրողը նկատեց, որ ռազմական սպառնալիքները հնչում են ոչ թե ԼՂՀ-ի, այլ Հայաստանի Հանրապետության հասցեին:

 

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ