«Փաստ» օրաթերթը գրում է․
Պատմության ընթացքը ցույց է տալիս, որ միշտ գործում են որոշակի օրինաչափություններ, իսկ նրանք, ովքեր դասեր չեն քաղում պատմությունից, միշտ ձախողումների առաջ են կանգնում։ Եվ այս տեսանկյունից Ուկրաինայի հակամարտության հետ կապված հետաքրքրական զուգահեռներ են տարվում։ Եթե այսօր հայացք նետենք Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների տրամաբանական շղթային, ապա բազմաթիվ ընդհանրություններ կարող ենք նկատել Արցախյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների հետ։
Օրինակ՝ պատերազմի ժամանակ ՀՀ իշխանությունները մեծ քարոզչական աժիոտաժ էին ստեղծել «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո, իսկ հիմա Ուկրաինայի նախագահ Զելենսկին նույն ուղիով է շարժվում՝ հայտարարելով, թե իրենք անպայման հաղթելու են, սակայն չգիտի, թե երբ։ Հետաքրքրական է, որ եթե Արցախում ընթացող ռազմական գործողությունների ընթացքում Փաշինյանն էր իրարամերժ հայտարարություններ անում, մեկ խոսելով հաղթանակից, մեկ զիջումներից, հիմա Զելենսկին է այդ կերպարի մեջ մտել, ով մի դեպքում խոսում է Ուկրաինայի չեզոքությունից, իսկ մեկ այլ դրվագում հայտարարում է, թե իրենք անպայմանորեն ինտեգրվելու են եվրոպական համայնքին։ Փաշինյանը պատերազմում բեկում առաջացնելու հույսեր ներշնչելու շրջանակներում կոչեր էր անում կամավորական ջոկատներ ձևավորել և ռազմաճակատ մեկնել, իսկ Ուկրաինայի նախագահը նույն կերպ ուկրաինական հանրությանը գոտեպնդում է Արևմտյան երկրների կողմից իրենց ուղարկվող ռազմական օգնության վերաբերյալ հայտարարություններով։
Ու կարևորն այդ պահին ոչ թե կոնկրետ ռազմավարական խնդիր լուծելն է, այլ որ քաղաքացիները կուլ տան ոգևորություն ապահովելու հերթական քարոզչական խայծը։ Եվ, ըստ այդմ, ուշագրավ է, որ Տավուշյան դեպքերի ու Արցախյան պատերազմի ժամանակ Փաշինյանից հերոսի կերպար էր կերտվել, նա իրեն որպես հզոր ղեկավար ու ստրատեգ էր ներկայացնում։ Հիշենք, թե ինչպես էին Փաշինյանի թիմակիցներն զգուշացնում, թե «հանկարծ չշշկռվեք՝ գերագույն հրամանատարն է նա»։ Փաշինյանի պես հիմա էլ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին Զելենսկին է դարձել «հերոս ու հզոր ղեկավար»։ Եվ այդ պատկերացումների շրջանակում նրան հրավիրում են տարբեր երկրների խորհրդարաններ, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ, Գերմանիայի Բունդեսթագ, ԱՄՆ-ի Կոնգրես, Կանադայի պառլամենտ՝ առցանց ձևաչափով ելույթ ունենալու և ուղերձ հղելու, որտեղ նա հուզական խոսքեր է ասում իր երկրի մասին, և «հաղթելու ենք» տրամաբանության ներքո ընդգծում, թե մինչև վերջ դիմադրելու են, որից հետո խորհրդարանականները հոտնկայս ծափահարում են Զելենսկուն և նրան իսկական հերոս անվանում։ Իսկ արևմտյան մամուլը սկսում է Զելենսկուց սուպերհերոս կերտելու արշավը՝ նրան ներկայացնելով որպես դիմադրության սիմվոլ։
Նույնիսկ այդ կապակցությամբ հատուկ ֆլեշմոբեր են մեկնարկում և նրան առաջադրում են որպես խաղաղության Նոբել յան մրցանակի հավակնորդ։ Բայց մի կարևոր նրբություն կա, որը առանձնակի ուշադրության է արժանի։ Մեկ անգամ չէ, որ ՆԱՏՕ-ից տարբեր մակարդակներով հստակ հայտարարել են, որ Ուկրաինայում ոչ թռիչքային գոտի չեն հաստատելու, քանի որ այն ճանապարհ կբացի նոր համաշխարհային պատերազմի համար, սակայն Զելենսկին իր հայտարարություններում՝ այդ թվում և տարբեր երկրների խորհրդարանականների առջև ելույթ ունենալիս, անընդհատ դիմումներ է հղում ՆԱՏՕ-ի երկրներին, որ պետք է ոչ թռիչքային գոտի հաստատել։ Ինչո՞ւ է այսպիսի քայլի դիմում, եթե նախօրոք այդ դիմումների պատասխանը հայտնի է։ Թերևս Ուկրաինայի նախագահը գիտակցում է, որ պարտությունը մոտալուտ է, և այդ դիմումները կարող է հետո օգտագործել իրեն արդարացնելու ու պատասխանատվությունն իր ուսերից գցելու համար, թե ՆԱՏՕ-ի երկրները երկինքը չփակեցին, հարկ եղած չափով ռազմական օգնություն չցուցաբերեցին, դրա համար էլ պարտվեցինք։