Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած պետությունները ՄԱԿ-ի բարձր ամբիոնից արժանացան Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ շնորհակալությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ առանձին-առանձին հիշատակ եց և շնորհակալություն հայտնեց այդ պետություններին' Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Ընթացիկ նստաշրջանը տեղի է ունենում մարդկության համար բեկումնային իրադարձությունների' Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի և գալիք տարի նշվելիք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի յոթանասունամյակի ժամանակահատվածում: Շուրջ յոթ տասնամյակ առաջ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունն այն նոր քաղաքակրթական միջավայրի ու մշակույթի ձևավորումն է, որը կբացառեր անցյալի ողբերգական էջերի կրկնությունը:
2015 թվականը հատուկ նշանակություն ունի ողջ աշխարհի հայության համար: Ապրիլի 24 -ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը խնկարկելու է իր պատմության ամենաողբերգական էջերի' Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Պատմության մեջ նախադեպը չունեցող մի ողջ ժողովրդի սպանդի և հայրենազրկման նպատակ հետապնդող ոճրագործությունը շարունակում է աշխարհի հայերի համար մնալ չսպիացած վերք:
1915 թվականի Հայոց ցեղասպանությունը քաղաքակրթության և մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, իսկ դրա ոչ լիարժեք դատապարտումը նույնօրինակ զանգվածային ոճրագործություններ ծնող երևույթ: Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցի տարում ելո ւյթ ունենալով այս բարձր ամբիոնից, որին ես կկոչեի պատվո և պատասխանատվության ամբիոն, բարձրաձայն ասում եմ'
Շանորհակալությո'ւն, Ուրուգվայ, Ֆրանսիա, Ռուսաստան, շնորհակալությո'ւն, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Շվեցարիա, Շվեդիա, շնորհակալությո'ւն, Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, շնորհակալությո'ւն, Լիբանան, Արգենտինա, Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան:
Շնորհակալություն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար' անկախ այդ ճանաչման ձևաչափից և օգտագործված ձևակերպումներից»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, շատ ու շատ երկրների բոլոր այն գործիչներին, պետական մարմիններին, տարածքային միավորներին կամ կազմակերպություններին, որոնք վստահորեն ի լուր աշխարհի իրերն իրենց անունով են կոչում' նշելով: «Դա իսկապես խիստ կարևոր է, քանզի ժխտումը ցեղասպանության հանցագործության փուլերից մեկն է:
Արդեն շուրջ մեկ դար ոչ միայն աշխարհասփյուռ հայությունը, այլև ողջ միջազգային հանրությունն սպասում են, որ Թուրքիան ի վերջո քաջություն կգտնի առերեսվելու սեփական պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը' դրանով իսկ հետագա սերունդերին ազատելով անցյալի ծանր բեռից: Ավաղ, փոխարենը հնչեցվում էին երկիմաստ, սքողված ուղերձներ, որոնցում զոհին հավասարեցնում են դահճին, խեղաթյուրում անցյալի իրադարձությունները»:
Պատմական ակնարկ
Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թվականներին իրագործված հայերի բնաջնջումն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի' 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագո րծություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: