Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն Ադրբեջանին կոչ է արել առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ որդեգրել և վերջ տալ սադրանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի պաշտոնական կայքը, Ռոշբլուանը հայտարարել է, որ ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը հերթական սադրանքն է, որն ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները:

 

«Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իր պաշտոնակցի հետ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռք առնել «տեղում լարվածությունը նվազեցնելու համար»: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ էր որդեգրելու Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումից հետո: Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում»,- ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա շեշտել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը պատասխանատվություն է ստանձնել աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական լուծում գտնելու նպատակով:

 

«Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակը գործում է ի նպաստ Հարավային Կովկասի ժողովուրդների միջև խաղաղության ու երկխոսության հաստատման: Հետևաբար, մենք դատապարտում ենք այս նոր բռնության պոռթկումը: Մենք արձանագրում ենք, որ ինչպես միշտ, այս անգամ ևս այն ադրբեջանական վարչակազմի ձեռքի գործն է»,- եզրափակել է Ռոշբլուանը:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: Հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, և ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ է արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն և արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: