Գյումրիում ինքնահրկիզման փորձ կատարած երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր: Վերջինիս տեղափոխելու են Երևանի այրվածքաբանական կենտրոն:

 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու Բժշկական կենտրոնից: Նշենք, որ նոյեմբերի 13-ին ժամը 13:13-ին շտապօգնության մեքենայով Գյումրու Բժշկական կենտրոն էր տեղափոխվել Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի 18 տան բնակիչ 1978 թվականին ծնված Արտակ Ռոլանդի Հովսեփյանը, ով ինքնահրկիզման փորձ էր կատարել: Մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ այրվածնքերով՝ մոտ 80-85 տոկոս, վերջինիս տեղափոխել են վերականդանացման բաժանմունք:

 

Արտակ Ռոլանդի Հովսեփյանն ինքնահրկիզման փորձ կատարել է բենզինի և կրակայրիչի միջոցով, դեպքի պահին տանը եղել են կինը, երկու երեխաներն ու զոքանչը, ովքեր չեն կարողացել Արտակին հետ պահել արարքից:

 

Ի դեպ, ինչպես տեղեկացանք Բժշկական կենտրոնից, Արտակ Ռոլանդի Հովսեփյանը նոյեմբերի 12-ին ժամը 19:30-ի սահմաններում դիմել էր կենտրոն՝ «Աջ նրբոլոքի ստորին և դրսային պճեղի փակ կոտրվածք, տեղաշարժ և հեմարթրոզ» ախտորոշմամբ, կատարվել էր ռենտգեն հետազոտություն և գիպսային անշարժացում: Հաջորդ օրը 01:05-ին երիտասարդը կրկին դիմել էր կենտրոն' այս անգամ «Աջ դաստակի առաջին մատի կտրած, պատռված վերք, ձախ նախաբազկի սալջարդ, քերծվածք» ախտորոշմամբ: Ցուցաբերվել էր առաջին օգնություն, և հիվանդը գնացել էր տուն: