Հյուսիսատլանտյան դաշինքն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի կործանման փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը: «Մենք մտահոգված ենք ադրբեջանական ուժերի կողմից հայկական ուղղաթիռը կործանելու տեղեկությունների կապակցությամբ: Ինչպիսի հանգամանքներ էլ միջադեպն ունենա, երկու կողմերն էլ պետք է հանգստություն պահպանեն և դիվանագիտական լուծում հետապնդեն»,- գրել է Ջեյմս Ափաթուրայը:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին' ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դե պքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք և ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:
Ավելի վաղ համատեղ հայտարարություն էին տարածել ու կատարվածը դատապարտել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները: Իսկ Ջեյմս Ուորլիքն այսօր կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին բացառել պատերազմը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում: